Ադրբեջանցի դիվերսանտ, ցմահ ազատազրկման դատապարտված Դլիհամ Ասկերովը դեռ չի որոշել դիմել ԼՂՀ գերագույն դատարանի վճռաբեկ պալատ, թե ոչ: Այս մասին NEWS.am-ին ասաց դիվերսանտի փաստաբանը՝ Էրիկ Բեգլարյանը:
Նա հայտնեց, որ առաջիկա օրերին հանդիպելու է իր պաշտպանյալին եւ քննարկելու հետագա անելիքները:
«Ես նրան ասել եմ, որ կարող է դիմել Գերագույն դատարան, ինքն էլ պատասխանեց, որ կմտածի եւ ինձ կհայտնի իր որոշման մասին: Մինչեւ վերաքննիչ որոշման ուժի մեջ մտնելը՝ կհանդիպի նրան եւ կքննարկեմ այդ հարցը»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ խնդրագրով Բակո Սահակյանին դիմելու հարցը նույնպես դեռ չի քննարկվել:
Նշենք, որ մարտի 10-ին ԼՂՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի որոշումը, որով Ասկերովը դատապարտվել էր ցմահ, իսկ Գուլիեւն էլ 22 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։





























