Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է ժողովրդական դիվանագիտություն։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը՝ նշելով, որ Հայ մտավորականության խորհուրդը նման առաջարկով մտադիր են դիմել իշխանություններին։

«Կարծում եմ, որ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ պետք է գործի դնենք ժողովրդական դիվանագիտության միջոցները, ինչը վերջին տարիներն անտեսել ենք։ Այո, մենք ունենք բարեկամներ՝ Թուրքիայում «Ստամբուլի ընկեցիկը» գրքի հեղինակ Էլիֆ Շաֆակը, որն Իտալիայում բեմադրում է այդ ստեղծագործությունը, Ադրբեջանում՝ «Քարե երազներ» գրքի հեղինակ Աքրամ Այլիսլին, որոնք կմիանան մեզ՝ պաշտպանելով հայոց շահը միջազգային ատյաններում։ Պետք է ծրագրի շրջանակներում հանդիպումներ կազմակերպել Ադրբեջանի մտավորականության հայտնի դեմքերի հետ որևէ չեզոք երկրում»,- ասաց  խորհրդի նախաձեռնողը՝ նշելով, որ սա ոչ թե հայ-ադրբեջանական բարեկամություն է, այլ ժողովրդական դիվանագիտություն։

Բանախոսների կարծիքով՝ ծրագիրը պետք է մտնի պետական քաղաքականության մեջ՝ վստահություն հայտնելով, որ հայ-ադրբեջանական հակամարտությունում տեղաշարժ կարող է արձանագրվել մտավորականների շնորհիվ։

«Թուրքը մնալու է թուրք, մենք էլ հայ ենք, մեր կերպն ունենք։ Մենք պետք է գործադրենք ժողովրդական դիվանագիտության միջոցները, որի արդյունքը լինելու է խաղաղության համընդհանուր հաստատման փորձը։ Կարծում եմ՝ այս եղանակով սահմանում կրակոցները քչացնել հնարավոր է։ Մենք պարտավոր ենք լեզու գտնել ապրելու համար, հանուն նրա, որ վաղը ոչ մի զինվորի արյուն չթափվի»,- ասաց գրող-հրապարակախոս Ռուբեն Սիմոնյանը։

Այնուամենայնիվ, նախաձեռնության հեղինակների խոսքով՝ նման նուրբ հարցում պետք է չներգրավվեն դրամաշնորհով սնվող ընկերությունները, «պատահական ՀԿ-ները», որոնք շեշտը դնում են այն խնդիրների վրա, որոնք արդյունք չենք ունենալ, այլ միայն հայտնի մտավորականները։ Խորհրդի ծրագրային դրույթներից մեկն էլ այն է, որ ժողովրդական դիվանագիտությունը չպետք է կենտրոնանա միայն Երևանում, այլ պետք է ընդգրկի նաև մարզերը։

Խորհուրդն իր ծրագրերը ներկայացնելու է  արտաքին գործերի նախարարությանը, ՀՀ նախագահին, վարչապետին՝ աջակցության եւ համագործակցության ակնկալիքով։