Ճանաչված հետախույզ, Հայաստանի Վետերանների միության պատերազմի եւ զինվորական ծառայության հանձնաժողովի նախագահ, Երկրորդ աշխարհամարտի վետերան Պետրոս Պետրոսյանը 1941-1945 թ.թ. Երկրորդ աշխարհամարտի 70-ամյակին նվիրված «Մեծ հաղթանակի գործում հայ ժողովրդի ներդրումը» թեմայով երեւանյան միջազգային համաժողովի մասնակիցներին իր կյանքից մի պատմություն ներկայացրեց:

Երբ Երկրորդ աշխարհամարտը սկսվել է, Պետրոս Պետրոսյանը 17 տարեկան է եղել: 1941 թվականի դեկտեմբերին Պետրոսը վերջապես զորակոչվում է եւ ուղարկվում նախ Թբիլիսի, այնուհետեւ՝ ճակատ: «Ռազմաճակատում իսկապես սարսափելի է: Բայց միայն առաջին օրերին, հետո սովորական է դառնում»,- կատակեց Պետրոս Պետրոսյանը:

Առաջին անգամ վիրավորվելուց եւ բուժվելուց հետո Պետրոսյանը հայտնվում է ուկրաինական երրորդ ճակատում, որպես մարտկոցի հրամանատար: Պետրոսյանի անմիջական հրամանատարի սխալի պատճառով նրանց ջոկատը գրեթե շրջափակման մեջ է ընկնում, սակայն մարտի բռնվելով՝ կարողանում է դուրս պրծնել: Պետրոս Պետրոսյանը դեմքի ծանր վիրավորում է ստանում: Մարտից հետո հրամանատարի սխալի պատճառով Պետրոսյանը նկատողություն է ստանում, սակայն Կարմիր աստղի շքանշանի առաջադրվում: «Նաեւ այլ պարգեւներ ունեմ, բայց այս մեկն ամենաթանկն է, քանի որ արյամբ եմ վաստակել»,- նշեց Պետրոսյանը:

Սակայն վիրավորումը նրան թույլ չի տալիս ռազմաճակատում մնալ: Պետրոսյանին ուղարկում են Սլավյանսկ, որտեղ նրան վիրահատություն էր սպասվում: «Երջանիկ պատահականությամբ, իմ վիրահատության օրը հոսպիտալ եկավ Կարմիր Բանակի գլխավոր վիրաբույժ Նիկոլայ Բուրդենկոն: Ինձ ցույց տվեցին նրան, ասացին, որ ծնոտիցս բեկոր են հանելու: Նա շոշափեց բեկորն ու հոսպիտալի բժշկին հարցրեց, թե խելքը գլխի՞ն է»,- պատմեց Պետրոսյանը:

Պարզվում է՝ բեկորը նյարդային հանգույցի մոտ է եղել, որին վիրահատության համար չդիպչելն անհնար կլիներ եւ Պետրոսյանին անդամալույծ կդարձներ: Նրան չեն վիրահատում, եւ բեկորը մինչեւ հիմա նրա ծնոտում է: «Պարզապես բերանս չեմ կարողանում լայն բացել»,- ժպտաց Պետրոսյանը եւ հավելեց. «Պատերազմից հետո երեք անգամ եղել եմ նրա հիվանդանոցում: Ցանկանում էի շնորհակալություն հայտնել, բայց այդպես էլ չկարողացա տեսնել»: