ՀՀԿ գործադիր մարմնի յուրաքանչյուր նիստ կարեւոր քաղաքական իրադարձություն է Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողներին ասաց կուսակցության փոխնախագահ, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք նիստից հետո սենսացիոն հայտարարություններ են սպասվում։
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ՝ արդյոք Սահմանադրական բարեփոխումներով անցում է կատարվելու կառավարման խորհրդարանական համակարգին։
«Եթե կարդայիք Սահմանադրական բարեփոխումների նախագծի հայեցակարգի նախագիծը, նման հարցադրում հիմա չէիք անի»,- պատասխանեց Աշոտյանը։
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նույնպես հստակ պատասխան չտվեց՝ արդյոք այսօր ԳՄ նիստին հենց Սահմանադրական բարեփոխումներն են քննարկվելու։ Ամեն դեպքում, նա հայտնեց, որ հանդիպումները քաղաքական ուժերի հետ շարունակական են լինելու։ Հարցին՝ հնարավո՞ր է ՀՀԿ-ն այնպես անի, որ ԲՀԿ-ն կողմ արտահայտվի բարեփոխումներին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք որեւէ մեկին չենք համոզում, իրենք են կողմնորոշվում։ Իրենց հարցրեք, թող իրենց կարծիքը հայտնեն»։
Նշենք, որ սպասվում է, որ այսօրվա ԳՄ նիստին քննարկվելու են Սահմանադրական բարեփոխումները։
Հիշեցնենք, որ բարեփոխումների հարցի շուրջ ՀՀ նախագահն արդեն հանդիպել է ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ՄԱԿ, ՀՀՇ, «Ազատ դեմոկրատներ» ներկայացուցիչներին։





























