Հայաստանը սկսում է Սահմանադրական բարեփոխումների քննարկման փուլը։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, ՀՀԿ ԳՄ ընդլայնված կազմով նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։ Նա հայտնեց, որ այսօր հանրապետության նախագահն արդեն հանդիպել է վեց քաղաքական ուժերի հետ եւ լսել նրանց դիրքորոշումները։
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ այս քննարկումների շրջանը կարեւոր է, եւ դրանց պետք է անպայման մասնակցեն կուսակցությունները, իսկ թե ինչ արդյունք կունենան այս հանդիպումները, դրա մասին վաղ է խոսել։
«Վաղը նախագահը հանդիպելու է մասնագիտական հանձնաժողովի, ապա հանրային խորհրդի անդամների հետ։ Մենք գնում ենք Սահմանադրական բարեփոխումների քննարկման շրջան։ Սա պատմական պահ է մեզ համար»,- ասաց Հերմինե Նաղդալյանը։
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ չի բացառվում Սերժ Սարգսյանը խորհրդարանին ներկայացնի երկու փաստաթուղթ, եթե լինեն տարբեր դիրքորոշումներ։ Նշենք, որ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԲՀԿ-ի, «Ժառանգության», ՀՅԴ-ի, «Ազատ դեմոկրատների», ՀՀՇ-ի եւ ՄԱԿ-ի հետ։





























