Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումների համար Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներին հանդիպման չի հրավիրել։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։
«Ի՞նչ իմաստ կա քննարկման հրավիրել մարդկանց, որոնք քննարկման եզր չեն գտնում»,- ասաց Հերմինե Նաղդալյանը։
Նրա խոսքով՝ այսօր նախագահի հետ հանդիպած որոշ ուժեր ի սկզբանե ցանկացել են նախապայմաններ ներկայացնել, սակայն հետո համաձայնել են քննարկել Սահմանադրական բարեփոխումների հարցը։
Նշենք, որ այսօրվանից սկսվում է բարեփոխումների քննարկման փուլը։ Սերժ Սարգսյանն արդեն հանդիպել է հետեւյալ քաղաքական ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի, «Ժառանգության», ՄԱԿ-ի, ՀՀՇ-ի եւ «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչների հետ։





























