Երեւանի քաղաքապետարանը բյուջետային մեծ ինքնուրույնության կարիք ունի: Մասնավորապես, քաղաքական գանձարանին անհրաժեշտ են շահութահարկի եւ եկամտահարկի վճարումներ: USAID-ի Հարկային բարեփոխումների ծրագրի (Tax Reform Project) աջակցությամբ անցկացված տեղական տուրքերին նվիրված քննարկման ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Երեւանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետի տեղակալ Համազասպ Գալստյանը:

Նա նշեց, որ արդեն նման պրակտիկա գոյություն ունի ոչ միայն Արեւմուտքում, այլեւ Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի քաղաքներում: «Կարծում եմ՝ դրանում տրամաբանություն կա, եթե այդ գումարները վաստակել են մեր քաղաքում: Ընդ որում, մենք չենք ցանկանում ամեն ինչ մեզ վերցնել: Պարզապես այն, ինչը մենք ստանում ենք որպես անհատույց փոխանցում, թող ձեւակերպվի որպես օրենքով մեզ համար նախատեսված հարկերի վճարում»,- պարզաբանեց Գալստյանը:

Նրա խոսքով, եթե քաղաքապետարանն իմանա, որ հարկերից որոշակի տոկոս է ստանալու, ապա եկամուտները կանխատեսելու հնարավորություն կունենա: Այդպիսով, քաղաքային իշխանությունների համար դյուրին կլինի կատարել իր զարգացման քառամյա պլանը:

«Հողի եւ գույքահարկի վարչարարությունը, որը մենք ենք հավաքում, բավական լավ ենք վարում, եւ այդ գծով պարտքեր գրեթե չունենք: Եթե նաեւ այլ մուտքերի գծով կանխատեսման հնարավորություն ունենանք, քաղաքային տնտեսությունը դրանից միայն կշահի»,- հավելեց քաղաքապետարանի պաշտոնյան:

Երեւանի բյուջեի եկամուտները 2015 թվականին ծրագրված են շուրջ 71.9 մլրդ դրամի չափով (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 149 մլն դոլար):