Երեւանում հյուրանոցների խորհրդանշական հարկն անհրաժեշտություն է: USAID-ի Հարկային բարեփոխումների ծրագրի (Tax Reform Project) աջակցությամբ անցկացված տեղական տուրքերին նվիրված քննարկման ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Երեւանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետի տեղակալ Համազասպ Գալստյանը:

Նրա խոսքով, այդպիսի հարկը քաղաքային իշխանություններին կօգներ բարձրացնել ֆինանսական ինքնուրույնությունը: Հիշեցնենք, որ նոր հարկը նախատեսված է լինելու «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի փոփոխություններում, որը մի քանի տարի առաջ խորհրդարանում քննարկվել, բայց հետ է կանչվել:

Ըստ նրա, հյուրանոցների հարկի պրակտիկան, թեկուզ ոչ մեծ, գոյություն ունի զարգացած զբոսաշրջությամբ բոլոր երկրներում: «Թող սկզբում այդ գումարը խորհրդանշական լինի: Հետո հնարավոր կլինի մտածել այն մասին, որպեսզի երեք աստղանի հյուրանոցների համար հարկի մի դրույքաչափ լինի, հինգ աստղանի հյուրանոցների համար՝ մեկ այլ: Եվ կրկին խելամիտ սահմաններում: Մեր ընդդիմախոսները նշում են, որ այդ դեպքում հյուրանոցները կարող են ավելացնել համարների գինը, բայց հյուրանոցային բիզնեսը շատ ճկուն է: Հյուրանոցը կարող է մի ծառայություն հանել, մեկ այլ՝ ավելի էժան ծառայություն ներմուծել, եւ դրա հաշվին հավասարեցնել գները»,- նկատեց քաղաքապետարանի պաշտոնյան:

Նրա կարծիքով, նման ոչ մեծ հարկից հյուրանոցներն ավելի քիչ կտուժեն, քան շարքային քաղաքացիները, եթե մեծացնենք նրանց տուրքերը: «Հարցն այն է, թե ումից ենք ցանկանում հարկեր հավաքել, ինչ եկամուտներ ունի այսօր բնակչությունը: Եթե մեր հյուրանոցների հաճախորդները սենյակի համար 50-100 դոլար են վճարում, ապա եւս մեկ-երկու դոլար տեղական բյուջեի, քաղաքի բարեկարգման համար վճարելը, կարծում եմ, այնքան էլ դժվար չի լինի: Իսկ Երեւանում շուրջ 5 հազար հյուրանոցային համար է գրանցված, եւ այդպիսի վճարը կօգնի քաղաքում որեւէ խնդիր լուծել: Եվ ոչ միայն մեզ մոտ, այլեւ շատ հյուրանոցներ ունեցող այլ քաղաքներում՝ Ծաղկաձորում, Ջերմուկում, Դիլիջանում»,- հավելեց Համազասպ Գալստյանը: