Գյումրիում մարտի 7-ի ուշ երեկոյան հնչած կրակոցների հետեւանքով տուժածները ապաքինվում են: Գյումրիի հիվանդանոցի տնօրեն Արմեն Իսահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ թե իրենց հիվանդանոցում, թե «Էրեբունիում» այժմ գտնվում են մեկական հիվանդներ:

Միջադեպի հետեւանքով մահացած Կնյազ Ղազարյանի հիվանդանոցում գտնվող հայրը եւ եղբայրը դուրս են գրվել, որպեսզի մասնակցեն վերջինիս հուղարկավորությանը: Արմեն Իսահակյանը նկատեց, որ Կնյազ Ղազարյանի հայրը դեռ ստուգման եւ բուժման կարիք ունի: Ի դեպ, մահացած տղամարդը ամուսնացած էր, ուներ երեք երեխա, կրտսերը 6 ամսական է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի Արցախ թաղամասում` Տերյան փողոցում, գիշերը կրակոցներ են հնչել: Ժամը 23:30-ից մինչեւ 00:30-ը սահմաններում տարբեր վնասվածքներով Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 մարդ: Վիրավորներից 3-ը հրազենային վնասվածքներ են ստացել, իսկ մյուսները վիրավորվել են կտրող-ծակող գործիքներից:

Հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը պարզ է` Ղազարյան Սմբատ, Ղազարյան Գագիկ, Ղազարյան Կնյազ, Հակոբյան Վլադիմիր, Գեւորգյան Համլետ, Ղուկասյան Գագիկ: Նրանցից երեքին ծանր վիճակում տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Երեւան տեղափոխվածներն են Կնյազ Ղազարյանը (հրազենից ստացված գանգուղեղային վնասվածքով), Գագիկ Ղազարյանը (հրազենից ստացված ձախ ուսի հատվածում վնասվածքով) եւ Գագիկ Ղուկասյանը (բութ գործիքով հարվածի հետեւանքով գանգուղեղային վնասվածքով)։

Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիները Գյումրիի տարբեր թաղամասերից են՝ Արցախ, Սունդուկյան, Կ. Դեմիրճյան փողոցներից: Կրակոցները հնչել են Տերյան փողոցում` «Պեգաս» խանութի մոտ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ 2007 թվականին նույն այդ խանութի մոտ տեղի էր ունեցել փոխհրաձգություն` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ ԲՀԿ-ական Արտաշես Սարգսյանի որդիների ու նրանց ընկերների միջեւ: Այս գործով ձերբակալվել են Գյումրի քաղաքի բնակիչներ Հովհաննես Տոնոյանը, Համլետ Գեւորգյանը, Դավիթ Հրաչիկի Հակոբյանը: