«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը /ԸԻԿ ՀԿ/ հայտարարում է ՄԱԿ-ի խոշտանգումների փաստաթղթավորման ուղեցույցի հայերեն առաջին թարգմանության մասին, որը հայտնի է որպես Ստամբուլի արձանագրություն:
«Թարգմանության նպատակն է Ստամբուլի արձանագրության կիրառմամբ Հայաստանում դեռեւս առկա խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի դեպքերի բացահայտմանը նպաստելը, որպեսզի հնարավոր լինի մեղավորներին ենթարկել պատասխանատվության» - ասաց ԸԻԿ-ի նախագահ Միքայել Արամյանը:
Ստամբուլի արձանագրությունը, որը մշակվել է 1999 թվականին հանդիսանում է միջազգայնորեն ճանաչված փաստաթուղթ, որի կիրառումը հնարավորություն է ընձեռնում բժիշկներին եւ փաստաբաններին` խոշտանգումների դեպքերի քննությունն իրականացնել պատշաճ կերպով եւ փաստաթղթավորել խոշտանգման փաստը:
Ներգրավված լինելով Եվրոպական Հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Հակա-խոշտանգումների ցանց. Բազմա-վերականգնողական ծառայություններ խոշտանգումների զոհերի համար եւ անպատժելիության դեմ պայքար» ծրագրում, Վրաստանի «Էմփաթիա» կազմակերպության հետ համագործակցությամբ` ԸԻԿ-ը «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով նախաձեռնել է փաստաթղթի հայերեն թարգմանությունը, որի համար հայտնում է իր երախտագիտությունը:
2015թ-ի ընթացքում բժիշկների, հոգեբույժների ու փաստաբանների համար խոշտանգումների դեպքերի փաստաթղթավորման ուղեցույցի օգտագործման հմտությունները հաղորդելու նպատակով կանցկացվեն հատուկ դասընթացներ:
«Այս փաստաթղթի հայերեն թարգմանությունը առաջին քայլն է գործնական միջոցների օգտագործմամբ Հայաստանում խոշտանգումների դեմ պայքարելու դժվարին ճանապարհին»- ասաց ԸԻԿ-ի տնօրեն Քրիստինա Գեւորգյանը: «Այժմ մեզ պետք է օգտագործել այս չափանիշները` վերապատրաստելու տվյալ ոլորտում աշխատող փորձագետներին խոշտանգումների ապացույցների ավելի հստակ ձեւակերպումների եւ փաստաթղթավորման համար»:
Հայաստանում ոստիկանության կողմից ծեծի եւ վատ վերաբերմունքի բարձր ցուցանիշը յուրաքանչյուր տարի շարունակում է արձանագրվել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից: Սակայն նշված խոշտանգումների դեպքերի հիմնավոր ապացույցների եւ պատշաճ քննության բացակայության պատճառով հազվադեպ են հասնում դատարան:
Այս ձեռնարկը մասնագետների կողմից կարող է օգտագործվել սահմանափակ ազատության վայրերում եւ այլ դեպքերում խոշտանգման կամ դաժան վերաբերմունքի ենթարկվելու վերաբերյալ ավելի ճշգրիտ եւ վստահելի ապացույցներ հավաքագրելու եւ այն օգտագործելու համար:
Ստամբուլի Արձանագրության պաշտոնական եւ ոչ պաշտոնական թարգմանությունները արդեն լույս են տեսել ավելի քան 17 լեզուներով, իսկ հայերեն թարգմանությունը, լինելով վերջիններից մեկը, հուսով ենք, ավելի արդյունավետ կօգտագործվի փորձագետների եւ մասնագետների կողմից:
Ստամբուլի Արձանագրության հայերեն տարբերակը հասանելի կլինի www.favl.am կայքում:
ԸԻԿ-ը 1991 թվականին հիմնադրման պահից նպաստում է Հայաստանում միջազգային մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների տարածմանը: ԸԻԿ-ը լինելով ՀՀ-ում պաշտոնապես գրանցված ՀԿ-ներից մեկը (գրանցվել է 1992թ. ապրիլի 14-ին), աշխատում է մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության, իրավական պետության եւ ժողովրդավարության կայացման ոլորտներում:





























