Եղվարդի մանկապարտեզում նախորդ տարեվերջին արձանագրված զանգվածային թունավորման դեպքով քննությունը թերեւս ավարտական փուլում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանը:

Նա նշեց, որ դեռ գործը դատարան չի ուղարկվել, բայց երեւի թե քննությունն արդեն ավարտական փուլում է: Գործի շրջանակներում կա երկու մեղադրյալ՝ տնօրենը եւ բուժքույրը, հիվանդանոցում հայտնված երեխաների ծնողներն էլ ճանաչվել են տուժող: Քաղաքապետից նաեւ տեղեկացանք, որ մանկապարտեզի տնօրենը դեռ արձակուրդի մեջ է, առողջական վիճակը վատ է, գտնվում է անկողնային վիճակում: Այժմ մանկապարտեզը ղեկավարում է տնօրենի տեղակալը, ով նշանակված է ժամանակավոր պաշտոնակատար, մանկապարտեզը աշխատում է բնականոն ռեժիմով:

Հիշեցնենք, որ Եղվարդի մանկապարտեզում զանգվածային թունավորման մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 28–ի երեկոյան։ Թունավորման հետեւանքով, բացի 90 հոսպիտալացված սաներից, համայնքում հայտնաբերվել է 23 առողջ բացիլակիր, որոնց շարքում թե երեխաներ կային, թե մեծահասակներ: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում չեն պահպանվել սանիտարահամաճարակային կանոնները, ինչն էլ հանգեցրել է մանկապարտեզի տասնյակ սաների, ինչպես նաև աշխատակիցների և նրանց հետ շփվող մարդկանց շրջանում զանգվածային թունավորման։

Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ նշված նախադպրոցական հաստատությունում չեն պահպանվել «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասինե ՀՀ օրենքով սահմանված սանիտարահամաճարակային կանոնները, դրանց պահպանման համար պատասխանատու անձանց կողմից դրսևորվել է հանցավոր անփութություն, չեն իրականացվել սանիտարահիգիենիկ ու հակահամաճարակային միջոցառումներ՝ շրջակա միջավայրի աղտոտման վերացման, կանխման, կենցաղի պայմանների բարելավման, ինչպես նաև հիվանդությունների առաջացման և տարածման կանխարգելման ուղղությամբ:

Մանկապարտեզում խախտվել են նաեւ ՀՀ առողջապահության նախարարի՝ 2013 թվականի օգոստոսի 12-ի թիվ 42-Ն հրամանով հաստատված` նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները:

Արդյունքում` թիվ 1 մանկապարտեզի խոհանոցում ստեղծվել է հակասանիտարահամաճարակային իրավիճակ, որը նպաստել է մարդու օրգանիզմի վրա վտանգավոր գործոնների ազդեցությանը` անզգուշությամբ առաջացնելով մանկապարտեզի տասնյակ սաների, ինչպես նաև աշխատակիցների և նրանց հետ շփվող մարդկանց շրջանում զանգվածային թունավորման:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ` քննիչը որոշում է կայացրել Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրեն Մ.Մանուկյանին և նույն մանկապարտեզի բուժքույր Ն.Առաքելյանին ՀՀ քրական օրենսգրքի 277-րդ հոդվածի առաջին մասով` Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում, որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Ն.Առաքելյանը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, և դեկտեմբերի 26-ին նրան նշված հոդվածով մեղադրանք է առաջադրվել: Մանկապարտեզի տնօրենը չի ներկայացել վարույթ իրականացնող մարմնին՝ տրամադրելով ծանր հիվանդ լինելու վերաբերյալ բժշկական փաստաթղթեր: Մ.Մանուկյանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Տնօրենի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին` հաշվի առնելով նրա առողջական վիճակը: Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: