Ամերիկյան Միչիգան նահանգի Տրոյա քաղաքի Առեւտրի պալատի նախագահ Արա Թոփուզյանը հայկական երաժշտության մասին փաստագրական ֆիլմ է նկարահանել, որը մարտի 16-ին ցուցադրվելու է Դեթրոյթի Հանրային հեռուստատեսությամբ: Այս մասին գրում է Candgnews.com-ը:
Վկայակոչելով Վիրջինիայի համալսարանի տվյալները՝ պարբերականը նշում է, որ «հայկական ժողովրդական երաժշտությունը, որը ստեղծվել է դարերի ընթացքում, լեզվի եւ առօրյա կյանքի արարողակարգերի միջոցով, ավանդաբար ավանդաբար ուղեկցել է ամեն ինչի՝ ընտանեկան արարողություններից մինչեւ դաշտերում ցանքն ու հուղարկավորությունը, մնալով պատմական տարրերի հարուստ խառնուրդ»:
Ֆարմինգթոն Հիլզի բնակիչ Արա Թոփուզյանն ԱՄՆ-ում անցկացվող տարբեր երաժշտական փառատոնների եւ այլ միջոցառումների ժամանակ քանոն է նվագում: Նրա «Երաժշտության պահապաններ» ֆիլմը ցուցադրվելու է «Հայոց ցեղասպանություն» փաստագրական ժապավենից հետո, որը ստեղծել է «Էմմի»-ի մրցանակակիր Էնդրյու Գոլդբերգը:
Դեթրոյթի Հանրային հեռուստատեսության բարեգործության հարցերով փոխտնօրեն Դեն Ալպերտն ասել է, որ մշակութային հաղորդումների խմբագրությունը ցանկանում է հասարակության ուշադրությունը հրավիրել տարբեր համայնքների ուղղությամբ, որոնք «Դեթրոյթի խճանկարն» են կազմում, իսկ հայ համայնքը դրանցից մեկն է:





























