«Ժառանգություն» կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը նախօրեին միայն որպես անհատներ, ոչ թե կուսակցության անունից են գնացել նախագահի նստավայր՝ Սերժ Սարգսյանի հետ Սահմանադրական բարեփոխումները քննարկելու։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, Վանաձորի Արցախ պուրակում հավաքված վանաձորցիներին ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը։
«Մեր կուսակցությունը նախապես քննարկել է նրա հետ հանդիպման գնալու հարցը և որևիցե մեկը կողմ չի եղել, որպեսզի գնան ու հանդիպեն ինքնակոչ, գող ու ավազակ անձի հետ, ով մեր ժողովրդին այսպիսի ողբերգական վիճակի մեջ է գցել»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Նշենք, որ ավելի վաղ Ռուբեն Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը եղել է «Ժառանգության» վարչության համաձայնությամբ, ինչը քննարկվել է դեռեւս նախորդ օրը տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, այդ մասին տեղեկացել է կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով համաձայնել է մեծամասնության կարծիքին:
Սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ նախագահի նախաձեռնած հանդիպումները Փոստանջյանը անվանեց «փետրվարի 12-ի կրկեսի շարունակություն»։
«Երեկ նա Բաղրամյան 26-ում կազմակերպել է կրկեսի շարունակությունը, հրավիրել էր քաղաքական ուժերին և փորձում էր հասկացնել, որ փետրվարի 12-ի իր ելույթով կարողացավ թելադրել, թե քաղաքականությամբ ովքեր կարող են զբաղվել և ովքեր՝ ոչ»,- ասաց Փոստանջյանը՝ սահմանադրական բարեփոխումներն անվանելով «արյունոտ նախաձեռնություն»։
Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես մասնակցելու է Վանաձորի հանդիպմանը, սակայն Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ նա Հայաստանում չէ։ Վանաձորից պատգամավորը ուղեւորվեց Գյումրի, որտեղ նույնպես նախատեսված է հանրային քննարկում։




























