«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ պայքարող, «Կասեցում» շարժման ակտիվիստ, ծեծի ենթարկված Արտակ Խաչատրյանի գործով որեւէ առաջընթաց եւ նորություն չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտակ Խաչատրյանը:

Նա հույս էլ չունի, որ գործը կբացահայտվի եւ մեղավորները կպատժվեն: Արտակ Խաչատրյանը նշեց, որ առհասարակ որեւէ տեղաշարժ չկա, մի քանի անգամ իրեն հարցաքննել են, տարել են տեղազննության, նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ նրան հասցվել է ծանր մարմնական վնասվածքներ՝ կյանքին վտանգ սպառնացող: Նշանակված է նաեւ մանրաթելային փորձաքննություն, որի եզրակացությունը չկա: Ակտիվիստը դեռ լիովին չի ապաքինվել, շարունակում է բուժումները, գտնվում է բժիշկների հսկոության ներքո: Հարցին, թե Ծառուկյանի 100 հազար դոլար խոստումից որեւէ նորություն կա, Արտակ Խաչատրյանը նշեց, որ ինքը դրանից տեղյակ չէ, պետք է հարցնել խոստում տվողին: Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն ե Ծառուկյանին այլեւս չի հետաքրքրում իրենց թիմակցի հետ տեղի ունեցածը, նա ասաց, որ ԲՀԿ-ին հետաքրքրում է, իսկ Ծառուկյանի մասով՝ չգիտի:

Ի դեպ, «Կասեցում» շարժման անդամը չի պատրաստվում լքել ԲՀԿ-ն, արտագաղթի ալիքը նրան չի հասել:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ի առավոտյան տեղեկություն էր տարածվել, որ Արտակ Խաչատրյանին դիմակավորված եւ զինված անհայտ անձիք առեւանգել են: Նույն օրը երեկոյան Արտակը տուն էր հասել ծեծված վիճակում, այնուհետեւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել էին թոքերի սալջարդ, թոքերի դրենաժավորում արել, վիրահատել քիթը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, Արտակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող։ Քննչական կոմիտեն պարզել է, թե ինչ մեքենայով են առեւանգել Արտակ Խաչատրյանին։Ծառուկյանը այս դեպքի հետկապված հանդիպել էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, ԲՀԿ նախկին առաջնորդը 100 հազար դոլար էր խոստացել նրան, ով քննության համար էակն տվյալ կհայտնի: