2014 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին եւ ՀՀ գլխավոր դատախազին դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2014 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13:30-ին, դիտորդական խմբի թեժ գծի հեռախոսահամարին է զանգահարել այդ պահին ոստիկանության բաժնի ՁՊՎ-ում գտնվող Արմեն Թ.-ն եւ հայտնել, որ ոստիկանների կողմից իր նկատմամբ կիրառվել է բռնություն:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում Արմեն Թ.-ն հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում եւ բացատրություն տալուց: Հետագայում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Արմեն Թ.-ն անգամ տուժող ճանաչվելուց հետո հրաժարվել է ցուցմունք տալ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել քրեական գործով տուժող Արմեն Թ.-ի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Կատարվում է նախաքննություն:





























