ԼՂՀ-ում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում 2014թ. հունիսի 11-ին սպանված ժամկետային զինծառայող, 20-ամյա Դերենիկ Մանուկյանի գործով դատավարությունն ավարտվել է: NEWS.am-ին զինվորի մայրը՝ տիկին Անահիտը հայտնեց, որ գործով ամբաստանյալ Վոլոդյա Բաբիկյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:
«Մենք նիստերին չենք էլ գնացել, մեզ պետք չէր, մեր տունը քանդվել է: Նույնիսկ դատական ընթացքով չենք հետաքրքրվել, մենակ իմացանք, որ 4 տարի են տվել: Մեզ ոչ մի բան բացարձակապես չի հետաքրքրում, նույնիսկ մի բարոյական ներողության չարժանացանք, բայց դե բան չկա, ոչ էլ մտածում ենք դրա մասին»,- ասաց տիկին Անահիտը:
Նշենք, որ գործով կալանավորված Վոլոդյա Բաբիկյանը Դերենիկի ամենամոտ ընկերն է: Նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով: Դատավարությունն ընթանում էր ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում 2014թ. հունիսի 11-ին գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում էր ստացել զինծառայող, 20-ամյա Դերենիկ Արամի Մանուկյանը:





























