Երեւանի բնակիչ, 47-ամյա Կարապետ Հարությունյանը, որը երեկ ինքնասպանություն էր գործել, կախվել է իր սեփական տան 2-րդ հարկի պատշգամբում. նրա մարմինը հայտնաբերել է հայրական տուն հյուր եկած դուստրը։ Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ինքնասպանություն գործած տղամարդու հարեւանուհի Լարիսա Մանվելյանը՝ ավելացնելով, որ ոչ ոք կատարվածին չի հավատում, քանի որ Կարապետը միշտ հանգիստ մարդ է եղել ու լավ հարեւան։

«Աղջիկն ա մենակ տունը եղել, գործ անելուց ա եղել, դուրս ա եկել, կախված տեսել։ Ես էլ ձեն-մեն լսեցի, դուրս եկա, ոստիկանությունն էր եկել, շտապօգնություն կար, իմացա, որ կախվել ա։ Բոլորս էլ զարմացած ենք ու չենք հասկանում, թե ինչի պիտի նման բան աներ»,-ասաց Լարիսա Մանվելյանը։

Հարեւանուհու խոսքով, իրենց զարմացրել են համացանցում տարածված լուրերը, թե Կարապետ Հարությունյանը թմրամոլ է եղել, իրենք ոչինչ չեն իմացել ու չեն նկատել։

«Մի քանի տարի առաջ լավ խմում էր, միշտ խմած էր, վերջին տարիներին սկի չէր էլ խմում, բայց թմրամոլության մասին ընդհանրապես չեմ լսել։ Երեկ հարեւաններից լսեցի, որ ինտերնետով գրել են, թե թմրամոլ ա եղել, բայց նման բան չենք նկատել։ Կինը երբեք չի բողոքել. մեկ-մեկ ասում էի՝ ո՞նց ա բոլորի ամուսինները խմում են, ասում էր՝ չէ, իմ Կարոն չի խմում»,- պատմեց հարեւանուհին։

Հարեւանուհին պատմեց, որ Կարապետը երկու դուստր եւ մեկ որդի ուներ. Դուստրերը ամուսնացած են, որդին սովորում է 10-րդ դասարանում։ Հարեւանների հետ չէին շփվում։ Ընտանիքի հայրը՝ Կարապետը, «Փեթակ» տոնավաճառում բեռնակիր էր աշխատում, կինը մարզադպրոցում թեթեւ աթլետիկա է դասավանդում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am –ը, մարտի 13-ին Երեւանի Մանթաշյան փողոցի տներից մեկի տան տանիքից կախվելու միջոցով ինքնասպանություն էր գործել 47-ամյա Կարապետ Հարությունյանը։