«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խումբը կոչ է անում դրամական օգնություն ցուցաբերել պահեստազորի գնդապետ, խարդախության համար 6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքին, որը դատարանի որոշմամբ պետք է  2 հազար դոլար գումար վճարի պետբյուջե: Վոլոդյա Ավետիսյանի ընկերների նախաձեռնությամբ արդեն մեկ օր է՝ դրամային հաշվեհամարներ են գործում, որոնց կարող են փոխանցումներ կատարել ազատամարտիկի ընտանիքին օգնել ցանկացողները:

«Դատարանը պարտավորեցրել է, որ Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքը 2000 դոլար գումար վճարի, սակայն նրա ընտանիքը լուրջ սոցիալական խնդիրներ ունի և չի կարող վճարել այդ գումարը: Հիմա թե իրենց տունը, թե հողամասը կալանքի տակ է: Հարցը նրանում է, որ մենք հարկադիր կատարողից ամեն ինչ սպասում ենք, որ կարող է՝ սյուրպրիզներ անել: Օրենքով ընթացակարգեր կան, պետք է վարույթ հարուցվեր, բայց մենք դեռ ոչ մի նամակ, ոչ մի գրություն չենք ստացել, եւ վախենում ենք, որ մի օր կարող են միանգամից գալ ու տունն ազատելու պահանջ դնել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամներից  Գագիկ Սարուխանյանը:

Նախաձեռնության նպատակը միայն ազատամարտիկի ընտանիքին շտապ անհրաժեշտ 2000 դոլար գումարը հայթայթելը չէ: Ինչպես նշեց Գագիկ Սարուխանյանը՝ Ավետիսյանները լուրջ ֆինանսական խնդիրներ ունեն. ընտանիքի մայրը վատառողջ է, ընտանիքում անչափահասներ կան, չափահաս անդամներն էլ դժվարությամբ են գումար վաստակում եւ  կուտակած պարտքեր ունեն. «Պետք է օգնենք այն մարդուն, որը օգնեց մեզ բոլորիս: Հիմա իր ընտանիքը օգնության կարիք ունի: Միայն 2000 դոլարի խնդիրը չի, փաստաբանկան ծառայությունների խնդիր կա, օրվա հացի խնդիր կա, իր կինը վատառողջ է, բայց գումար չունենալու պատճառով մի քանի օր առաջ ստիպված դուրս է գրվել հիվանդանոցից եւ կիսատ է թողել բուժումը»:

Դրամահավաքի համար «Ամերիա» բանկում բացվել են հետեւյալ հաշվեհամարները.
1570018571170200
1570018296030200

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։