Արարատի մարզում մարտի 14-ի երեկոյան «Շտապօգնության» մեքենայի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետեւանքով վնասվածքներ ստացած բժիշկ, 28-ամյա Խաչատուր Միսակյանը դեպքից ոչինչ չի հիշում: Երեւանի «Էրեբունի» ԲԿ-ում բուժվող Խաչատուրը, որ այսօր` մարտի 16-ին, տեղափոխվել է հիվանդասենյակ, NEWS.am-ին պատմեց, որ ինքը 10 ամիս է` ինչ հերթապահում է Արտաշատի ԲԿ-ի «Շտապօգնության» բաժանմունքում, իսկ վթարի հետեւանքով մահացած 27-ամյա Կարապետ Գրիգորյանը «Շտապօգնության» բաժնի վարիչն էր, դեպքի օրն էլ ուղեկցել է կանչի մեկնած խմբին:
«Հիշում եմ, որ հիվանդ բերեցինք ռեանիմացիա, կանչեցին, ասացին` մարդ է կախվել, պետք է գնանք: Դրանից հետո ոչ մի բան չեմ հիշում: Իսկ Կարապետին ծանոթ եմ եղել գործի բերումով, շատ լավ մարդ էր, աշխույժ տղա էր, բաժանմունքի մասին մտածող»,- ասաց Խաչատուրը:
Խաչատուր Միսակյանը գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, թոքերի թեթեւ սալջարդ, ողերի մի քանի կողմերի ելումների կոտրվածքներ է ստացել, հնարավոր է` այսօր դուրս գրվի հիվանդանոցից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մահվան ելքով ավտովթար է գրանցվել Արարատի մարզում: Մարտի 14-ին, ժամը 20.53-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքից դեպի Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին տեղի է ունեցել վթար։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Տեղում պարզվել է, որ բախվել են շտապօգնության ծառայության «Ֆորդ» մակնիշի 339 UL 25 պ/հ եւ «ԳԱԶել» մակնիշի 15 US 247 պ/հ ավտոմեքենաները:
Շտապօգնության «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 57-ամյա վարորդ Հ. Կ.-ին, 28-ամյա բժիշկ Խ. Մ.-ին, 55-ամյա բուժքույր Լ. Հ.-ին եւ 27-ամյա բժիշկ Կարապետ Գրիգորյանին, իսկ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից` ուղեւոր 20-ամյա Ռ. Գ.-ին , որոնք տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ:
Բուժքույրը եւ վարորդը նույնպես տեղափոխվել են Երեւանի «Էրեբունի» ԲԿ, նրանք այժմ վերակենդանացման բաժանմունքում են:
27-ամյա բժիշկ Կարապետ Գրիգորյանը հիվանդանոցում մահացել է:





























