Իրավապահները հստակեցրել են ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով անցնող 3 մեղադրյալների դերերը։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրները։

«Ոչ մի կասկած չի հարուցում այն, որ Նեմցովի սպանությունը նախապես մտածված է եղել, իսկ հանցագործության մասնակիցների դերերը հստակ բաժանված էին»,- գործակալությանը հայտնել են աղբյուրները։

Գործակալության տեղեկություններով՝ ենթադրյալ մարդասպանը Զաուր Դադաեւն է, որը զինվորական պատրաստվածություն է անցել եւ նախկինում մասնակցել մարտական գործողությունների։

«Իրավապահները ենթադրում են, որ հենց Դադաեւն է հետապնդել Նեմցովին եւ Աննա Դուրիցկայային՝ հետեւելով նրանց 100 մ հեռավորության վրայից։ Երբ ձյուն մաքրող մեքենան դուրս էր եկել կամրջի վրա, աղմուկը խլացրել էր մարդասպանի քայլերը, որը, առիթից օգտվելով, մոտեցել էր Նեմցովին եւ մի քանի անգամ կրակել նրա վրա»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ Մերձմոսկովյան շրջանում հայտնաբերվել է տունը, որտեղ հանցագործության ենթադրյալ կազմակերպիչները հրաձգության դասեր են անցկացրել եւ մշակել սպանության պլանը։

«Այդ տանը փամփուշտներ են հայտնաբերվել, որոնք համընկնում են նրանց հետ, որոնցով սպանվել էր Նեմցովը»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը։