Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում նման մեղադրանք չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Կարեն Սարդարյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, որ Ճոյտի որդիները առեւանգել են իրենց հոր ընկերության աշխատակիցներին:
Կարեն Սարդարյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց տարածված լուրերը: Նա նշեց, որ որեւէ մեկնաբանություն իրավասու չէ անել, քանի որ ինքը միայն Հակոբ Հակոբյանի փաստաբանն է, որեւէ կապ չունի որդիների հետ: Ի դեպ, փաստաբանը հայտնեց նաեւ, որ նախկին պատգամավորի առողջական վիճակը շատ վատ է, մի շարք բժիշկներ գրել են, որ նա անհապաղ վիրահատության կարիք ունի, այդ խնդրով նա դիմել է ՄԻՊ-ին, Արդարադատության նախարարին:
Մենք փորձեցինք տարածված լուրերը ճշտել Հակոբ Հակոբյանի որդուց՝ Արմեն Հակոբյանից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց:
Նշենք, որ «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ կալանքի տակ գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) որդիները` Արմեն և Արայիկ Հակոբյանները, ավելի քան 1ամիս առաջ`փետրվարի 6-ին, առևանգել են իրենց հորը պատկանող «Ուրախ և Տխուր» ՍՊԸ տնօրեն Ռոբերտ Ղազարյանին, նախկին տնօրեն Թոռնիկ Գևորգյանիև և հաշվապահ Հերիքնազ Ակունցին և որոշ ժամանակ նրանց պատանդի կարգավիճակում պահել Աբովյան քաղաքի ինչ-որ բնակարանում:
Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Հակոբ Հակոբյանը ծավալել է ապօրինի ձեռնարկատիրություն, որը զուգորդվել է անձանց, կազմակերպություններին կամ պետությանը խոշոր չափի վնաս պատճառելով, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով: Հակոբյանին կալանավորելու որոշում դատարանը կայացրել է փետրվարի 4-ին, Վերաքննիչ դատարանը մերժել է փոխել խափանման միջոցը:





























