ԵԱՀԿ-ն մատնանշել է Ադրբեջանի կողմից ձեռնարկվող դիվերսիոն գործողությունների ու սահմանային միջադեպերի մասին։ Այս մասին մարտի 16-ին Երեւանում «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ քաղաքական հարցերով հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Արտգործնախարարը նշեց, որ Ադրբեջանական ուժերը հարձակումներ են գործում քաղաքացիական օբյեկտների վրա՝ օգտագործելով անգամ ծանր ռազմական տեխնիկա, ինչը, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, անհանգստացնում է միջազգային միջնորդներին։ Կարեւոր է, որ համանախագահները մատնանշեցին լարվածության պատասխանատվությունը կրող կողմին։
Արտգործնախարարը կոչ արեց եվրախորհրդարանականներին առավելագույն աջակցություն ցուցաբերել Մինսկի խմբին՝ որպես խաղաղ բանակցային գործընթացի միջնորդի եւ միաժամանակ ձեռնպահ մնալ հայտարարություններից, որոնք կարող են կողմնակալ դիտարկվել եւ սրել իրավիճակը։
Բաքուն ցանկանում է հակադրվել Մինսկի խմբի միջնորդներին եւ անում է ամեն բան բանակցային գործընթացը տապալելու համար՝ ժխտելով ոչ միայն հակամարտության կարգավորման ուղիների ռազմավարական առաջարկները, այլեւ փոխադարձ վստահության ամրապնդմանն ուղղված մարտավարական միջոցառումները։
«Վերջին 6 տարիների ընթացքում կայացել է 20 ֆորում, տասնյակ հանդիպումներ եւ ԵԱՀԿ ՄԽ անթիվ այցելություններ։ Սակայն Ադրբեջանի վարքագիծը չի փոխվել։ 10 տարվա ընթացքում նա 30 անգամ մեծացրել է ռազմական բյուջեն եւ սպառնում է լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով։ Խաղաղության կոչ անող քաղաքացիական ակտիվիստները, մտավորականության ներկայացուցիչները եւ լրագրողները հալածվում են որպես «հայ լրտեսներ»։
Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, հավատարիմ է մնում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններին»,- եզրափակել է նախարարը։





























