Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին օրենքը թերի է, նրանում գերբրի լիարժեք նկարագրություն չկա: Այս մասին այսօր՝մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական խորհրդանիշների՝ մասնավորապես գերբի վրա որոշակի փոփոխություններ, շտկումներ անելու նպատակով վերջերս ստեղծված մասնագիտական հանձնաժողովի անդամ, մշակութաբան Գագիկ Մանասյանը`նշելով, որ դրա պատճառը մեր երկրում գերբագիտության խորհուրդի բացակայությունն է:

«Այն գերբը, որն ընդունվել էր 2006թ. ճշտգրտումներից հետո, վերափոխվել է, հայտնվել են այլ նշաններ, և, ըստ երևույթին, այդ գերբերը մեծ հումոր ունեցող մարդիկ, կամ մեր թշնամիներն են տարածել։ Գերբագիտության օրենքներով անընդունելի է, երբ առյուծի բերանը փակ է լինում։ Մեր գերբի վրա պատկերված առյուծի և արծվի բերանները փակ են, իսկ դա նշանակում է, որ առյուծը անպաշտպան է, մեռած է, ընդունակ չէ ինքնապաշտապանության: Գերբի սուրը կոտրված է, գտնվում է շղթաների մեջ, ինչը բովանդակային, գաղափարական իմաստով անթույլատրելի է։ Ներքևում կա  ժապավեն, որի վրա ոչինչ գրված չի, դա պետք է կամ հանել, կամ վրան գրել պետության կարգախոսը»,- ասաց Գագիկ Մանասյանը:

Հանձնաժողովի անդամները նախատեսում են 1-2 ամսից ներկայացնել զինանշանի փոփոխված տարբերակը:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս զինանշանը ստեղծվել է ՀՀ առաջին հանրապետության զինանշանի օրինակով, որի հեղինակներն էին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ու նկարիչ Հակոբ Կոջոյանը: