Հայաստանը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացման շուրջ: Այս մասին մարտի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման նոր գծի շինարարության լրացուցիչ ֆինանսավորման շուրջ համաձայնագրի ստորագրումից հետո պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին:
«Ռուսաստանի հետ արդեն բանակցություններ ենք վարում: Շինարարական աշխատանքների ավարտից հետո պատրաստվում ենք միասնական ինտեգրման գործընթացների մեջ մտնել ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Իրանի հետ»,- հայտարարեց Զախարյանը:
Նշենք, որ Ռուսաստանի Հարավային դաշնային շրջանի էներգետիկ հավասարակշռությունը շարունակում է բացասական մնալ, ինչն էլեկտրաէներգիայի արտահանման նախադրյալներ է ստեղծում:
«Կովկաս 1 էլեկտրահաղորդման ցանց» ծրագիրը Հայաստանի եւ Վրաստանի էներգահամակարգերը մեկուսացվածից կփոխանցի զուգահեռաբար ոչ սինխրոն ռեժիմի եւ կթեթեւացնի էլեկտրաէներգիայի հոսքերը:
Այդ նպատակով Հայաստանի եւ Վրաստանի միջեւ 400 ԿՎտ հզորությամբ նոր էլեկտրահաղորդման գիծ կկառուցվի: Ներկայում երկրներին 3 գիծ է միացնում. մեկ 220 ԿՎտ եւ երկու 110 ԿՎտ հզորությամբ:
Շինարարության առաջին փուլի ընդհանուր ծավալը կազմում է 105 մլն եվրո (ընդհանուր առմամբ, ծրագիրը 320 մլն է գնահատվում): 2014 թվականի դեկտեմբերին գերմանական KfW բանկի հետ 85.2 մլն եվրոյի երկու վարկային համաձայնագիր է ստորագրվել: «Մնացած 20 մլն եվրոն մեզ հաջողվեց այսօր ներգրավել, այդ թվում 10 մլն եվրոն՝ մեղմ վարկի տեսքով Եվրոպական ներդրումային բանկից եւ 10 մլն-ը՝ դրամաշնորհի տեսքով Եվրամիությունից»,- նշեց նախարարը: Վարկային միջոցները տրամադրվել են 20 տարով, տարեկան 2% տոկոսադրույքով:





























