Երեւանում Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում պլանավորվում է քննարկել նաեւ Ռուսաստանի վարքը։ Այս մասին Երեւանում Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում NEWS.am-ի թղթակցին հայտարարեց Եվրախորհրդարանում Լեհաստանի ներկայացուցիչ Կարոլ Կարսկին։

«Ռուսաստանի հարցը մենք ուզում ենք քննարկել Ուկրաինայում կատարվող իրադարձությունների ենթատեքստում։ Սա աննախադեպ իրավիճակ է. ըստ էության եվրոպական պետությունը փոխում է իր պետության սահմանները։ Դա վերաբերում է ինչպես Ղրիմի անեքսիային, այնպես էլ Դոնբասի դեպքերին՝ Ռուսաստանի անմիջական  կամ ոչ անմիջական մասնակցությամբ։ Դա մեզ ստիպում է անհանգստանալ տարածաշրջանում իրավիճակի կայունության կապակցությամբ։ Այնպես որ մենք կքննարկենք նաեւ Ուկրաինային հնարավոր օգնություն ցուցաբերելու հարցը»,- հավելեց նա։