Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման եւ գնահատված կատարողականի հաշվետվությունը:

ՀՀ 2014 թ. պետական բյուջեով բնապահպանության նախարարությանը ծրագրվել է հատկացնել 2610.9 մլն դրամ, եւս 686.9 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում նախատեսվել է տարվա ընթացքում, իսկ նախարարության համակարգի ՊՈԱԿ-ների գործունեության ֆինանսավորման նպատակով պետական բյուջեից դրամաշնորհի ընդհանուր գումարը կազմել է 892.3 մլն դրամ: ՀՀ բնապահպանության նախարարության վերահսկողության տակ գտնվող բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասով պետական բյուջե կատարված գանձումները կազմել են 2300.6 մլն դրամ՝ 2013 թ. 1658.2 մլն դրամ գումարի համեմատ: «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 11 համայնքի տրամադրվել է սուբվենցիա՝ ավելի քան 245.0 մլն դրամի չափով: 2015 թ. պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաների գումարը կազմում է 296.9 մլն դրամ, ընդ որում` բնապահպանական ծրագրերի իրականացման համար սուբվենցիա կտրամադրվի 14 համայնքի:

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը զեկուցել է ըստ ոլորտների նախարարության համակարգում կատարված աշխատանքների մասին: Մասնավորապես, ՀՀ կառավարության 2014 թ. սեպտեմբերի 25-ի որոշմամբ հաստատվել է «Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանության, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների 2015 թ. տարեկան ծրագիրը», մշակվել եւ ներկայացվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Սեւանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրման նպատակով 2014 թ. պետական բյուջեի միջոցների հաշվին «Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրի շրջանակում Սեւանա լիճ է բաց թողնվել ամառային իշխանի 200.0 հազ. հատ (3 եւ ավելի գրամ) եւ գեղարքունիի 166.7 հազ. հատ (5 եւ ավելի գրամ) մանրաձուկ: Ընդունվել է բնապահպանության ոլորտը կանոնակարգող 5 օրենք, ՀՀ կառավարության 30 եւ ՀՀ վարչապետի 5 որոշում, որոնցից առավել կարեւոր են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքը եւ «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության եւ օգտագործման բնագավառի 2014-2020 թթ. պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:

Մշակվել է «Բնության հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի ծառահատումների կանխարգելման միջոցառումների» ծրագիրը, «Դիլիջան» ազգային պարկում իրականացվել են անտառտնկման, բնության հատուկ պահպանվող տարածքներում՝ սահմանների քարտեզագրման, ճշգրտման եւ գեոտեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքներ:

Ջրային ռեսուրսների պահպանության եւ կառավարման բնագավառում քայլեր են կատարվել Սեւանա լճի հիմնահարցերի լուծման նպատակով, եւ արդյունքում լճի բարձրացման ցուցանիշն այսօր 0.89 մ-ով գերազանցում է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով նախատեսված լճի մակարդակի բարձրացման տեմպի ցուցանիշը: Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ են իրականացվել Նորատուսի (17 հա), Մարտունու (34.2 հա) եւ Վարդենիսի (98.8 հա) տարածաշրջաններում:

Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրները կարգավորելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է «Ապօրինի շահագործվող, ինչպես նաեւ չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվությունների տրման, դրանց լուծարման եւ կոնսերվացման կարգը», համաձայն որի՝ արգելվում է Արարատյան դաշտավայրում նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, իսկ Արարատի եւ Արմավիրի մարզերում ջրօգտագործումը պետք է հասցվի 1/3 չափի: Շահագրգիռ մարմինների հետ համատեղ Արարատի եւ Արմավիրի մարզերի համապատասխանաբար 57 եւ 89 համայնքներում իրականացվել է հորատանցքերի հաշվառում, 2014 թ. հուլիսի 16-ից մինչեւ տարեվերջ լուծարվել, կոնսերվացվել եւ փականային ռեժիմի է բերվել 266 հորատանցք, որի արդյունքում խնայվել է մոտ 23 632.8 լ/վ ջուր, ինչը տարեկան կազմում է մոտ 745.3 մլն խմ: Առաջիկայում աշխատանքներ են տարվելու համայնքային նշանակության եւ ջրօգտագործող ընկերություններին պատկանող հորատանցքերի ուղղությամբ:

Նպատակային աշխատանքներ են իրականացվել մթնոլորտային օդի, ընդերքի եւ հողերի պահպանության, վտանգավոր նյութերի եւ թափոնների կառավարման, շրջակա միջավայրի վրա ներգործության պետական մոնիթորինգի եւ բնապահպանական պետական փորձաքննության բնագավառներում, շարունակվել է համագործակցությունը միջազգային կառույցների, միջազգային բնապահպանական կոնվենցիաների եւ նախաձեռնությունների շրջանակում:

Ամփոփելով հաշվետվությունը եւ անդրադառնալով նախարարության 2015 թ. անելիքներին՝ վարչապետը կարեւորել է բնապահպանական ծրագրերի շարունակական եւ արդյունավետ իրականացումը: Հովիկ Աբրահամյանն Արամայիս Գրիգորյանի ուշադրությունը հրավիրել է ապօրինի ծառահատումների խնդրի վրա եւ հանձնարարել, որ նախարարն անձամբ ամենօրյա ուշադրության կենտրոնում պահի խնդիրը եւ պարբերաբար զեկուցի վարչապետին: Կառավարության ղեկավարը կարեւորել է նաեւ ապօրինի շահագործվող հորատանցքերի բացահայտման աշխատանքների շարունակումը, ապօրինի ջրօգտագործողների, ինչպես նաեւ պոչամբարների նկատմամբ պատշաճ վերահսկողությունը եւ հանձնարարել նախարարին հետեւողական լինել այս հարցերում: