Ուկրաինական «Բատկիվշինա» կուսակցության պատգամավոր Բորիս Տարասյուկը Երեւանում խուսափեց ուղղակիորեն պատասխանել Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի մասին հարցից: Տարասյուկը Երեւան է ժամանել Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին մասնակցելու նպատակով:

«Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի առաջին շրջանների, քաղաքների, ավանների եւ գյուղերի մասին որոշման նախագիծը, որոնցում տեղական ինքնակառավարման հատուկ կարգ է սահմանվում» օրինագծի շուրջ դիրքորոշման մասին հարցին ի պատասխան՝ Տարասյուկը NEWS.am-ի թղթակցին ասաց. «Կարող եմ ասել, որ «Բատկիվշինա»-ն չի քվեարկել: Կարծում եմ՝ այդպիսին կլինի նաեւ մեր խմբակցության քվեարկությունը: Այլ խմբակցությունների մասին ոչինչ ասել չեմ կարող»:

Հարցին, թե ինչով է պայմանավորված օրինագծի քվեարկության հետաձգումը, Տարասյուկը պատասխանեց. «Ոչ ոք ոչինչ չի ձգձգել: Անցյալ տարվա սեպտեմբերի 16-ին մենք քվեարկել ենք այդ բանաձեւի օգտին, այն ընդունվել է խորհրդարանի կողմից»:

Հավելենք, որ Ուկրաինայի Գերագույն Ռադան իսկապես ընդունել է Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի մի շարք շրջանների հատուկ կարգավիճակի մասին օրինագիծը, սակայն այն մինչ օրս չի գործում, քանի որ դրա գործողության սահմանը հստակեցված չէ:

Մինչ այդ, Մինսկում ձեռք բերված համաձայնություններից հետո փետրվարի 12-ին դրանց իրականացման շուրջ կնքված պայմանագրի համաձայն, Ռադան պետք է առնվազն 30 օրվա ընթացքում հավանության արժանացներ այն բնակավայրերի ցանկը, որտեղ ներդրվելու է ինքնակառավարման հատուկ կարգը: