Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժինը 2014 թվականի ընթացքում նախարարության մյուս ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրել է բյուջեի հետ փոխհարաբերությունների եւ հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգումներ: Արդյունքում արձանագրվել եւ պետական բյուջե լրացուցիչ գանձման է առաջադրվել շուրջ 7 միլիարդ դրամ: Իսկ օպերատիվ-հետախուզական 215 միջոցառմամբ արձանագրվել եւ գանձվել է ավելի քան 306 միլիոն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն: Ձեռնարկված հերթական միջոցառման ընթացքում 8-րդ բաժնի աշխատակիցներն ուշագրավ դեպք են բացահայտել` առանձնապես խոշոր չափի ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն: Ըստ ՕՀՎ 8-րդ բաժնի գլխավոր օպերլիազոր Արսեն Ավանեսյանի, ստացված տեղեկություններից պարզվել է, որ արտերկրում գրանցված ընկերությունն առանց Հայաստանի հարկային մարմիններում հաշվառվելու, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հատուկ հսկողության գոտում իրականացրել է տեխնիկական սպասարկում` խուսափելով հարկային պարտավորություններից. «Ընկերության հասույթի ստացումն, ինչպես նաեւ ընկերության աշխատակիցների աշխատավարձերի վճարումները իրականացվել է ՀՀ տարածքից դուրս գտնվող բանկային հաշվեհամարների միջոցով»: Ստվերային գործունեության հետեւանքով 8-րդ բաժնի կողմից ընկերությանն առաջադրվել է առանձնակի խոշոր չափի տուգանք, ինչն ամբողջությամբ վերականգնվել է պետական բյուջե: «Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրվել եւ ՀՀ պետական բյուջե է գանձվել տուգանք. համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26 հոդվածի` ընկերության կողմից ստացված հասույթի 50 տոկոսի չափով տուգանք` շուրջ 25մլն դրամ»,-տեղեկացրել է Արսեն Ավանեսյանը: 8-րդ բաժինը շարունակում է հետեւողական վերահսկողություն իրականացնել հանրապետության ամբողջ տարածքում՝ հարկային դաշտը շրջանցել փորձողների նկատմամբ: