Կոսովոյի անկախության վերաբերյալ Հաագայի դատարանի վճիռը նոր լիցք է հաղորդելու Կոսովոյի միջազգային ճանաչման շքերթին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով Միջազգային դատարանի՝ Կոսովոյի հարցով հուլիսի 22-ին կայացրած որոշմանը: «Դատարանն այլ բան չէր էլ կարող վճռել, քանի որ որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչու է այդ տարածաշրջանի ազգաբնակչությունն անկախացել, քանի որ բոլոր պետությունները օգտվել են հենց այդ իրավունքից»,-ասաց Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ դատարանի վճռի այն ձեւակերպումը, թե Կոսովոն անկախանալով՝ միջազգային որեւէ օրենք չի խախտել, հետեւյալի մասին է խոսում. «Որեւէ ժողովրդի անկախությունը չի կարող պատանդը լինել մեկ այլ ժողովրդի կամքի: Սա նշանակում է, որ միջազգային օրենքը հակասություն չի տեսնում, եթե անկախությունը հռչակվել է կամ ճանաչվել է միակողմանիորեն: Ղարաբաղի անկախության չճանաչվածությունը պատանդ է Ադրբեջանի քաղաքական կամքին: Եւ մենք խնդիր ունենք վերացնել կապվածությունը, թե քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել, ուրեմն ԼՂ-ի անկախությունը չի ճանաչվի»,-ընդգծեց Սաֆարյանը: Ըստ նրա՝ Հայաստանը դեռեւս շատ կզղջա 2007 թվականին «Ժառանգության» եւ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկով ԼՂՀ-ի անկախությունը չճանաչելու համար: «Դա Կոսովոյի անկախության ճանաչման նախաշեմն էր, եւ Հայաստանը պետք է գիտակցեր, որ նման ոսկյա հնարավորություններ շատ քիչ են լինում: Որեւէ երկրի անկախության ճանաչումը պետք է քաղաքական պահի մեջ հասունացած լինի, եւ հենց դրա համար էլ խոսում եմ 2007 թվականի մասին, իսկ դրանից հարմար պահ, երեւակայեք, վերջին տարիների ընթացքում շատ քիչ է եղել»:
«Ժառանգություն» խմբակցութան ղեկավարի կարծիքով, որքան էլ միջազգային հանրությունը կրկնի ու պնդի, թե Կոսովոն աննախադեպ է, միակն է ու եզակին, պետք է կարողանալ թե՛ Կոսովոյի անկախացման գործընթացը, եւ թե՛ միջազգային դատարանի վճիռը փորձել ճիշտ օգտագործել՝ ԼՂ խնդիրը միջազգային ատյաններում ներկայացնելիս: «Պատահական չէ, որ չկա միջազգային մի կառույց, որտեղ մեր խմբակցությունը խոսած չլինի Կոսովոյի մասին: Մենք այսուհետ եւս պետք է անընդհատ զուգահեռներ տանենք Կոսովոյի եւ ԼՂ-ի միջեւ, անընդհատ խոսենք միջազգային իրավունքի համահավասար եւ աշխարհի բոլոր անկյուններում միատեսակ կիրառելու մասին»,-նշեց պատգամավորը:




























