Հուլիսի 21-22-ը պաշտոնական այցով Գերմանիայում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Այն տեղի է ունեցել Հայաստանի եւ Գերմանիայի երկկողմ համագործակցության շրջանակներում եւ Դաշնային պաշտպանության նախարար Կարլ-Թեոդոր Ֆրայհեր Գութենբերգի հրավերով:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հուլիսի 21-ին Սեյրան Օհանյանն այցելել է Քյոլնի Սբ. Սահակ-Մեսրոպ եկեղեցի, որտեղ հանդիպել է Գերմանիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հայկական պատվիրակությանը ողջունել է արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը: Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈւ կազմավորման պատմությունը, խոսել է Հայաստանի առջեւ դրված խնդիրների եւ այն ձեռքբերումների մասին, որ ունեցել են հայկական զինված ուժերը պատերազմի եւ խաղաղության տարիներին, պատասխանել է գերմանահայ համայնքի ներկայացուցիչների հարցերին:

Հուլիսի 22-ին Բոննում` Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարությունում, տեղի է ունեցել  Սեյրան Օհանյանի եւ ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարարության խորհրդարանական պետական քարտուղար Քրիստիան Շմիդտի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ, ՆԱՏՕ-ի Միջազգային անվտանգության աջակցման ուժերի շրջանակներում, ԵՄ-ի հետ համագործակցության եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներ: Կարեւորելով այն փաստը, որ երկու երկրներն էլ միացել են Աֆղանստանում համատեղ առաքելությանը, կողմերը պատրաստակամություն են հայտնել երկկողմ համագործակցության շրջանակներն ընդլայնելու համար: Երկու գերատեսչությունների միջեւ համագործակցության հիմնական ոլորտներն են ռազմական կրթությունը, ռազմաբժշկությունը, ռազմական արդարադատությունը, ռազմական կառավարումը, խաղաղապահ եւ հրամանատարական կարողությունների զարգացումը:

Նույն օրը ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Գերմերշայմ: ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարար դոկտոր Կառլ-Թեոդոր Ֆրայհեր զու Գութենբերգի ուղեկցությամբ Ս. Օհանյանն այցելել է Գեներալ-Հանս-Գրաֆ-Սպոնեկ-Բարրաքս վարժական կենտրոն, որտեղ ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախմբի երկրորդ հերթափոխը նախատեղակայման վարժանք է անցնում Աֆղանստան խաղաղարար առաքելության մեկնելուց առաջ: ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է վարժական կենտրոնի եւ ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախմբի նախատեղակայման վարժանքի ծրագրերին ու պայմաններին, հետեւել է հայ եւ գերմանացի զինծառայողների վարժանքներին: Հայկական զորախմբի հետ հանդիպման ժամանակ Ս. Օհանյանը խոսել է միջազգային խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցության կարեւորության մասին, հայ խաղաղապահների հետ քննարկել է նրանց ծառայության պայմանները:

Վարժական կենտրոնում հրավիրված մամլո ասուլիսում երկու պետությունների պաշտպանության նախարարները ներկայացրել են այցի ընթացքում տեղի ունեցած  քննարկումների վերաբերյալ իրենց տպավորությունները, խոսել են վարժարանի պայմանների բարձր մակարդակի եւ երկկողմ հարաբերությունների զարգացման դրական միտումների մասին: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարար զու Գութենբերգին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: