Հայաստանի Կենտրոնական բանկի եւ վարկային կազմակերպությունների միջեւ կարծես թե կոնֆլիկտ է առաջանում։ Գործող օրենսդրությամբ վարկային կազմակերպությունների նվազագույն կապիտալը 150 մլն դրամ է (մոտ 400 հազ. դոլար), սակայն ԿԲ-ն ցանկանում է այն հասցնել 1 մլրդ դրամի (մոտ 2,7 մլն դոլար): Այս առաջարկի հետ վարկային կազմակերպությունների մի մասը համաձայն չէ:  Հայաստանում գործում են 30 ունիվերսալ վարկային կազմակերպություններ, որոնց մեծ մասը փոքր են, միայն 2-ը կամ 3-ը ունեն 1 մլրդ դրամը գերազանցող կապիտալ: Մեծամասնության սեփական կապիտալը տատանվում է 200-300 մլն դրամի սահմաններում, ուստի օրենքի փոփոխությունը նրանց մոտ իսկապես կարող է խնդիրներ առաջացնել:

ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, որը ներկայում «Գառնի ինվեստ» ընկերության տնօրենն է, մամուլի ասուլիսում «զայրացուցիչ» բնորոշեց ԿԲ այդ նախաձեռնությունը` ասելով, որ այդ ձեւով շուկայից դուրս կմղվեն փոքր կազմակերպությունները, իսկ 2-3 օլիգարխներ գերիշխող դիրք կստանան: Նա նույնիսկ չի բացառում, որ այս նախագծի ետեւում կանգնած են առեւտրային բանկերը:

«Վաշինգթոն Քափիթալ» ընկերության գործադիր տնօրեն Արմեն Խաչյանը NEWS.am-ի հետ զրույցում նույնպես դրական չգնահատեց նախագիծը՝ անվանելով այն ժամանակավրեպ: Սակայն նաեւ նշեց, որ ԿԲ նախագծով գործող ընկերությունները 1 մլրդ դրամ կապիտալ պետք է ձեւավորեն 2015 թ., իսկ դա բավարար ժամանակ է, որպեսզի շուկան կոնսոլիդացվի: Ա. Խաչյանը հույս հայտնեց, որ 5 տարի անց շուկան այն աստիճան զարգացած կլինի, որ 1 մլրդ դրամ կապիտալ չունեցող ընկերությունները մրցունակ չեն լինի:

«Բլեսս» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ստեփանյանը NEWS.am-ին ասաց, որ վարկային կազմակերպությունների խոշորացման պահանջը օրինաչափ է, որպեսզի նրանք կարողանան լուծել օրենքով իրենց առջեւ դրված պահանջները, սակայն 1 մլրդ դրամի շեմը բավական բարձր է: Ճիշտ է` կա գրաֆիկ, ըստ որի՝ կազմակերպությունները 1 մլրդ-ի նիշին պետք է հասնեն մի քանի տարվա ընթացքում, սակայն Ստեփանյանի կարծիքով` կազմակերպություններ կլինեն, որ կդժվարանան դա անել: «Բլեսսը» առաջարկել է ԿԲ-ին` սահմանել 500 մլն դրամ նիշը: