Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է լուծի ինքը՝ Լեռնային Ղարաբաղը, իսկ Հայ ազգային կոնգրեսի համար ընդունելի է ԼՂ խնդրի այն լուծումը, որն ընդունելի է ԼՂ ժողովրդի համար: Հուլիսի 23-ին ասուլիսում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Նա նշեց, որ այդ նպատակով պետք է Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ՝ որպես հակամարտության իրավահավասար կողմ: «Մենք դրան հասել էինք 1994 թվականին, Բուդապեշտյան գագաթնաժողովում: Այսօր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ձեռքով այդ արդյունքը ոչնչացված է»,-նշեց Զուրաբյանը՝ հավելելով, թե իշխանությունները զբաղված են ոչ թե ԼՂ խնդրի լուծման հեռանկարները, այլ իրենց իշխանության դիրքերն ընդլայնելով»:

Զուրաբյանը նշեց նաեւ, որ հաջորդ նախագահը, ում պետք  է ընտրի ժողովուրդը, չպետք է ընկալվի որպես ԼՂՀ շահը ներկայացնող ֆիգուր: «Եվ այդ դեպքում հարց է ծագելու, իսկ ո՞վ է լիազորել, կամ ինչպե՞ս է Հայաստանը լիազորված վճռել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը: Այս խաղը ճիշտ վարելու ամենակարեւոր պայմանը սա է` վերադարձրեք Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը բանակցությունների սեղանին»,-նշեց Զուրաբյանը:

Սակայն մինչ այդ անհրաժեշտ է, որ  ԼՂՀ ղեկավարությունը ինքնուրույն հանդես գա, եւ ոչ թե դառնա  Հայաստանի ղեկավարության կցորդը, ինչպես որ այժմ է: «Միջազգային հանրությունը դա չի՞ տեսնում ձեր կարծիքով: Ինչո՞ւ ինքը պետք է լուրջ ընդունի մի ղեկավարություն, որին ինքն ընկալում է որպես ՀՀ իշխանությունների կամակատար: Այ սա՛ է պետք փոխել, պետք է իսկապես ուժեղացնել ժողովրդավարությունը Ղարաբաղում, պետք է ցույց տալ, որ սա ինքնուրույն ռազմաքաղաքական գործոն է տարածաշրջանում»,-նկատեց ՀԱԿ համակարգողը: