Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլհան Պոլուխովը մեկնաբանել է Կոսովոյի անկախության օրինականության վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը: Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, թե հետագայում Կոսովոյի նախադեպի կիրառման մասին խոսք անգամ լինել չի կարող: «Նախ, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը խորհրդատվական բնույթ է կրում: Բացի այդ, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը չպատասխանեց Կոսովոյի պետության ստեղծման օրինականության հարցին»,- ասել է Պոլուխովը: «Կարելի է նաեւ նշել Ռուսաստանի ԱԳՆ-ի արդարացի փաստարկները, որի հայտարարության մեջ ասվում է, որ  ՄԱԿ-ի միջազգային դատարանը չի քննարկել Կոսովոյի կողմից միակողմանի կարգով անկախության հռչակման օրինականությունը, չի քննարկել նման քայլի հնարավոր հետեւանքները, միջազգային դատարանը այդպես էլ չասաց՝ Կոսովոն անկախ պետությու՞ն է, թե` ոչ»,-հավելել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավարը:

Պոլուխովի խոսքով՝ ի տարբերություն Կոսովոյի հարցի, որով զբաղվում է ՄԱԿ-ը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է ԵԱՀԿ հովանու ներքո` Մինսկի խմբի շրջանակներում եւ Ադրբեջանը պատրաստակամ է շարունակել բանակցություններն այդ ձեւաչափով:

Հիշեցնենք, որ Հաագայում գտնվող ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի 22–ի վճռում ասվում է, որ Կոսովոյի՝ Սերբիայից անջատվելով եւ  միակողմանիորեն անկախ հռչակվելով՝ որեւէ միջազգային օրենք չի խախտել: Մինչ օրս Կոսովոյի անկախությունը ճանաչել է ավելի քան վեց տասնյակ երկիր, այդ թվում ԱՄՆ-ն ու Եվրամիության 27 անդամ երկրներից 22-ը: