Ադրբեջանական լրատվամիջոցները այսօր` հուլիի 26-ին հերթական ապատեղեկատվությունն են տարածել, որտեղ փորձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի ամիսներ առաջ Երեւանում ասված խոսքը խեղաթյուրել եւ ներկայացնել որպես այսօր արված հայտարարություն, որն իբր արվել է որպես Կոսովոյի հարցով Հաագայի դատարանի որոշման եւ դրա քաղաքական հետեւանքների մեկնաբանություն:

«Եվրոպա-Ադրբեջան» ընկերակցությունը հանկարծ հիշել է Բեռնար Ֆասիեի մարտ ամսին Երեւանում արված հայտարարությունը եւ դիտմամբ չի նշել ամսաթիվը: Ադրբեջանական լրատվամիջոցների նյութերից դուրս է գալիս, որ ֆրանսիացի համանախագահը հիմա գտնվում է Երեւանում: «Լեռնային Ղարաբաղի եւ Կոսովոյի միջեւ զուգահեռներ չկան: ԼՂ-ն եւ նրան հարակից 7 շրջանները օկուպացվել են Հայաստանի կողմից եւ այդ հողերը դեռեւս գտնվում են օկուպացիայի ներքո: Այդ փաստը ձգձգում է բռնի տեղահանվածների եւ փախստականների վերադարձն իրենց տներ: Ի տարբերություն Կոսովոյի, ոչ մի երկիր չի ճանաչել ԼՂ անկախությունը: Ուստի Կոսովոյի հարցը չի կարող նախադեպ լինել: Այս մասին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Երեւանում անցկացված Rose Rote սեմինարում ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն»:

Հիշեցնենք, որ Բեռնար Ֆասիեն Երեւանում է եղել մարտի 11-13-ին: Այցելության ընթացքում նա ոչ մի խոսք չի ասել «օկուպացված տարածքների» մասին, թեեւ նշել է, որ «այն ինչ հնարավոր էր Կոսովոյում, չի կարելի կիրառել Ղարաբաղում»: