Օսմանյան Թուրքիայում իրականացրած հայկական ջարդերից անցել է արդեն 100 տարի։ Ջարդեր, որոնց իր լուռ հավանությամբ հետեւում էր թուրքերի մերձավոր դաշնակից Գերմանիան։  Գերմանացիների բարեկամական Թուրքիայում մինչ օրս ընդունված չէ խոսել կամ գրել Հայոց ցեղասպանության մասին։ Լավագույն դեպքում դրա համար դուք բանտ կնստեք, իսկ երբեմն էլ դրա համար կարող են սպանել։ Այս մասին գրում է գերմանական Der Freitag պարբերականը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին անդրադառնալով Գերմանիայի լռությանը։

Բայց Գերմանիայում կարելի է ոչ միայն գրել ու խոսել Ցեղասպանության մասին, եւ չվախենալ, որ դա կլսեն կամ կկարդան։ Ցավոք, միայն Շվեյցարիան, Սլովակիան, Սլովենիան եւ Հունաստանն են քրեականացրել Ցեղասպանութան ժխտումը։ Մյուս բոլոր երկրներում դրա ժխտումը «խոսքի ազատության» իրավունքի տակ է ընկնում, շարունակում է պարբերականը։

Գերմանիան ժխտում է Ցեղասպանության քրեականացումը՝ ելնելով թուրքական համայնքի կարեւորությունից։ Անգամ Իսրայելը, որը գիտի, որ Հայոց ցեղասպանությունը նացիստների համար Հոլոքոստն իրականացնելու հիմք ծառայեց, շարունակում է ժխտել Ցեղասպանության քրեականացումը։ Իհարկե այդտեղ կարեւոր դեր են խաղում Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունների սերտացումը, եթե հաշվի ենք առնում, որ Իրանի հետ նույն այդ հարաբերությունները սրված են մնում։

ԱՄՆ-ի համար  Ցեղասպանության քրեականացումը հերքելը ռազմավարական նշանակություն ունի։ Թուրքիան նրա կարեւոր դաշնակիցն է, որի հետ նա չի ցանկանում անցյալում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով փչացնել հարաբերությունները։ Բացի այդ, ամերիկացիները, սեփական փորձից ելնելով, բնիկ ժողովուրդների ոչնչացման հարցում սեփական տեսակետն են մշակել։

Մեծամասամբ ցեղասպանություններն իրականացվել են նվաճողների կողմից տեղի բնիկ ժողովուրդներից ոչնչացնելու նպատակով։ Հայերը Փոքր Ասիայում հաստատվել էին դեռեւս հազարամյակներ առաջ, նախքան այդտեղ ոտք կդներ առաջին թուրքը։ Նույնը վերաբերում է ամերիկացիներին, որոնք հաստատվեցին հնդկացիներին պատկանող հողերի վրա։

Իսկ ինչու՞ է Թուրքիան մինչ օրս հերքում Հայոց ցեղասպանությունը։ Դրա համար թուրքերը ոչ մի փաստ չեն կարող վկայակոչել։ Հայոց ցեղասպանությունը ուսումնասիրված եւ հաստատված փաստ է, անգամ եթե դա ժխտեն բոլոր թուրքական կառավարությունները։ Այսօրվա Թուրքիան իր տիրապետության տակ գտնվող տարածքների մեծ մասը զավթել է։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եւ դրանից  հետո այդ տարածքում հայերի հետ ոչնչացվեցին նաեւ մյուս քրիստոնյաները։ Բարոյական տեսակետից Թուրքիան պետք է փոխհատուցի այդ մարդկանց կենդանի սերունդներին։

Իսկ հիմա Գերմանիան։ Ինչու՞ է Գերմանիան մինչ օրս հրաժարվում պաշտոնապես ընդունել Ցեղասպանությունը։Արդեն նշեցինք թուրքական համայնքի կարեւորության գործոնը։ Իսկ միգուցե Գերմանիայի թուրքական համայնքը ասոցացվում է հենց Թուրքիայի հե՞տ։ Գերմանիան ծանրակշիռ փաստարկ ունի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես հերքելու համար։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանական  կայսրությունը չմիջամտեց դաշնակից Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացվող ոճրագործությանը, եւ դա ինչպես եւ Առաջին համաշխարհային պատերազմն ինքը շատ արագ ջնջվեցին գերմանացի ժողովրդի հիշողությունից։ Գերմանիայում նացիստների օրոք հրեաների ցեղասպանության հետ համեմատած՝ նրանց համար մյուս ցեղասպանություններն այդքան էլ կարեւոր չեն թվում եւ ճանաչելով Հոլոքոստը՝ նրանք իրենց մեղքը քաված են համարում։

Իսկ քանի որ ցեղասպանութան թեման մինչ օրս շարունակում է օրակարգում մնալ, իսկ այն, որ ցեղասպանող ազգերը շատ հազվադեպ են պատիժ կրում, ապացուցում է, որ այսօր մարդիկ եւ գերմանական քաղաքականությունը դասեր չեն քաղել Գերմանիայի պատմությունից։ Հրեաների ցեղասպանությունը ոչ միայն սարսափելի է, այլ նաեւ ունիկալ։ Այսօր դրա հանցագործն ու զոհը փոխվել են տեղերով, իսկ հայերի տառապանքները անպատիժ են մնացել, եւ այդպես Գերմանիան եւ այլ քաղաքակիրթ ազգերը մաքուր խղճով առաջ են նայում եւ սպասում աշխարհում այլ անպատիժ մնացող ցեղասպանությունների կատարմանը։