Այս տարի Հայաստանում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում նշվելու է Ցեղասպանության 100-րդ տարելիցը. նախատեսված են հազարավոր միջոցառումներ, որոնք անցկացվելու են չորս հիմնական ուղղություններով: Այս մասին, ռուսական «Միջազգային հարաբերություններ» հանդեսին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Առաջին հերթին դա հարգանքի տուրքն է Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայ առաքելական եկեղեցին պատրաստվում է սրբադասել Հայոց ցեղասպանության զոհերին:
Երկրորդ ուղղությունը երախտագիտությունն է նրանց, ովքեր ծանր փորձությունների պահերին օգնության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Իսկ այդպիսի երկրներ, ժողովուրդներ շատ են: Հայ ժողովուրդը միայնակ չմնաց: 100-րդ տարելիցը առիթ է՝ եւս մեկ անգամ երախտիքի խոսք ասելու:
Երրորդ ուղղությունը ջանքերն են՝ ուղղված նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանը: Դա կարեւոր է ոչ միայն Հայաստանի, հայ ժողովրդի համար, այլեւ՝ ողջ միջազգային հանրության:
Եթե Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ մարդկության դեմ իրականացված հանցագործությունը պատշաճ կերպով դատապարտվեր, ապա հնարավոր կլիներ կանխարգելել հետագայում, այդ թվում՝ Երկրորդ աշխարհամարտի քողի տակ եւ դրանից հետո իրականացված մարդկության դեմ հանցագործությունները:
Եվ վերջին` չորրորդ ուղղությունը, վերածնունդն է: Հայ ժողովուրդը ոչ միայն վերապրեց Ցեղասպանությունը, այլեւ կարողացավ վերածնվել: Մենք կարողացանք վերակերտել մեր պետականությունը, մեր անկախությունը, վերածնել մշակույթը, գիտությունը: Վերածնունդը տեղի ունեցավ ոչ միայն Հայաստանում: Հայերը կարողացան ստեղծել իրենց օջախները աշխարհի շատ երկրներում, նպաստել եւ շարունակում են իրենց ներդրումը բերել այդ երկրների զարգացմանը»,-նշել է Նալբանդյանը:
Հայաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանը միջազգային հանրության հետ միասին, ոգեկոչելու է Ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ «Այլեւս երբեք» կարգախոսի ներքո:
«Ակնհայտ է, որ ցեղասպանությունը ծանրագույն միջազգային հանցագործություն է: Հայաստանը իր հնարավորությունների չափով իր ներդրումն է բերում միջազգային հանրության ջանքերին՝ կանխելու նման հանցագործությունները: Դա իրականացվում է միջազգային կազմակերպությունների, խորհրդարանական վեհաժողովների, միջազգային համաժողովների, այլ ձեւաչափերի շրջանակներում: Որպես օրինակ կարող եմ բերել «Ցեղասպանության կանխարգելման» բանաձեւի նախագիծը, որը Հայաստանի կողմից ներկայացվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանի հաստատմանը: Երկու տարի առաջ՝ 2013թ., Հայաստանը նախաձեռնել էր նմանատիպ բանաձեւ, որը ընդունվել էր կոնսենսուսով: Այն ժամանակ որպես համահեղինակ մեզ միացան 61 երկրներ: Հուսով եմ՝ այս անգամ էլ այն կընդունվի կոնսենսուսով եւ համահեղինակ պետությունների ոչ պակաս թվով:
Այս տարվա մարտ ամսին Եվրոպական խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին կոչ արեց ԵՄ բոլոր անդամ երկրներին ճանաչել Ցեղասպանությունը, ինչպես նաեւ կոչով դիմեց ԵՄ պետություններին եւ կառույցներին՝ նպաստելու Ցեղասպանության հետագա ճանաչմանը:
Համապատասխան հայտարարության ընդունում նախատեսվում է նաեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Այսպիսի օրինակների ցանկը կարելի է շարունակել:
Աշխարհասփյուռ հայերը համակարծիք են, որ Ցեղասպանությունը պետք է դատապարտվի ողջ միջազգային հանրության կողմից, բոլոր նրանց կողմից, ովքեր իրենց քաղաքակիրթ աշխարհի մասն են համարում եւ կիսում են համամարդկային արժեքները:
Երբ Դուք հարցնում եք՝ ինչպես է Ցեղասպանությունը ազդում անմիջական հարեւանների հանդեպ Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության վրա, ես հասկանում եմ, որ Դուք նկատի ունեք Թուրքիան:
2008թ. Հայաստանի Նախագահի նախաձեռնությամբ մենք Թուրքիայի հետ բանակցություններ սկսեցինք՝ հարաբերությունների կարգավորման նպատակով, որոնց արդյունքում 2009թ. Ցյուրիխում ստորագրեցինք երկու արձանագրություն՝ սահմանի բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ կապերի զարգացման վերաբերյալ: Բայց անցած վեց տարիները ցույց տվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում քաղաքական կամքի բացակայությունը Թուրքիայի ղեկավարության մոտ, ովքեր վերադարձան նախապայմանների լեզվին: Ավելին, Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին նոր թափ է ստանում ժխտողականության եւ պատմության կեղծման քաղաքականությունը:
Անցյալ տարվա օգոստոսին Անկարայում ես Նախագահ Էրդողանին փոխանցեցի Նախագահ Սարգսյանի հրավերը՝ մասնակցելու Երեւանում 2015թ. ապրիլի 24-ի միջոցառումներին: Ցավոք, մեր հրավերը մնաց անպատասխան՝ դառնալով Թուրքիայի ղեկավարության համար հերթական կորսված հնարավորությունը»,-ընդգծել է նախարարը:





























