Եվրազեսի հակաճգնաժամային հիմնադրամից Տաջիկստանին 70 մլն դոլարի ֆինանսական օգնություն կտրամադրվի: Դրա վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է հուլիսի 24-ին Դուշանբեում:
Տաջիկստանը Եվրազեսի հակաճգնաժամային հիմնադրամի անդամ առաջին երկիրն է, որը գումար է ստանում Հիմնադրամից: Այս որոշումը Հիմնադրամի խորհուրդը կայացրել է այս տարվա հունիսի 18-ին:
Վարկը տրվելու է 20 տարով (այդ թվում 5 տարի արտոնյալ շրջանը) տարեկան ֆիքսված 1 տոկոս տոկոսադրույքով:
Տաջիկստանի կառավարությունը մտադիր է օգտագործել վարկի միջոցները 2010 թվականի պետական բյուջեի, մասնավորապես նրա սոցիալական ծախսերը (առողջապահություն, կրթություն, սոցիալական ապահովություն) կատարելու ուղղությամբ:
Տեղեկանք.
Եվրասիական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծել են Ռուսաստանն ու Ղազախստանը 2006-ի հունվարին, նպատակ ունենալով աջակցել մասնակից երկրների շուկայական տնտեսությունների զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին եւ փոխադարձ առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը: Եվրասիական բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 1,5 մլրդ դոլար: Բանկի անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:
Եվրազեսի հակաճգնաժամային հիմնադրամը կազմում է 8,513 մլրդ դոլար, որը ստեղծվել է 2009-ի հունիսի 9-ին:




























