Թուրքիայում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը շարունակում է վերահսկողության ուժային մեթոդներ կիրառել, գրում է ֆրանսիական «Le Figaro» թերթը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նպատակ է դրել զբաղեցնել խորհրդարանի 550 տեղերից 400-ը, բայց վերջին հարցումները նման պատկեր չեն տալիս, նշում է պարբերականը:
Twitter-ի եւ YouTube-ի հասանելիությունը ժամանակավորապես սահմանափակելը իշխանությունների խիստ միջոցներից մեկն էր, որի նպատակը դատախազին պատանդ վերցնելու պահին արված լուսանկարների տարածումը դադարեցնելն էր:
Երկու օր անց իրավապահ մարմինները դատի են տվել թուրքական 4 թերթերի, որոնց մեղադրում են ահաբեկչության քարոզչություն իրականացնելու մեջ: Երկրի խոշորագույն մեդիա-հոլդինգներից մեկy՝ Dogan-ը, ստիպված է եղել պաշտոնապես ներողություն խնդրել այդ լուսանկարը հրապարակելու համար:
Թուրքիայում իրավիճակը լարված է: Դատախազին պատանդ վերցնելու հաջորդ օրը մի կին կրակ էր բացել Ստամբուլի ոստիկանների ուղղությամբ, որին ոստիկանները գնդակահարել էին: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, պարզվել է, որ նա Էլիֆ Սուլթան Քասեմն է, ով երկար տարիներ եղել է DHKP-C (ժողովրդական ազատագրման ճակատ) զինված խմբավորման կազմում: Դրանից հետո Թուրքիայի ձախ արմատական շրջանակներում ձերբակալությունների շղթա է սկսվել: Երկրի խոշորագույն քաղաքներում ձերբակալվել է մոտ 60 մարդ:
Բացի այդ, շաբաթ օրը հարձակում է տեղի ունեցել «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի ավտոբուսին վրա:
Այս իրադարձությունները թարմացրել են 1990-ականների հարձակումների մասին հիշողությունը եւ բորբոքել առանց այդ էլ լարված իրավիճակը, գրում է թերթը:





























