Եթե Հայաստանի Կառավարությունը ուզում է օգնել փոքր եւ միջին բիզնեսին, ապա պետք է կարգուկանոն հաստատի մաքսատանը։ Այս մասին ապրիլի 13-ին լրագրողներին հայտնել է «Փոքր եւ միջին ձեռներեցների համագործակցության միություն» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանը՝ մեկնաբանելով խորհրդարանի ընդունած «Շրջանառության հարկի մասին» օրենքը։
Նրա խոսքով՝ եթե մաքսատանը ներկրվող ապրանքը թափանցիկ չլինի, դա կբարդացնի այդ շղթայի մյուս օղակներում կարգուկանոն հաստատելը։ Եվ այդ ժամանակ, որքան էլ որ բարենպաստ օրենքներ ընդունեն, դրանց կենսունակության մասին հարց է առաջանում։ «Այդ պատճառով տնտեսական որոշումների հետ մեկտեղ պետք է նաեւ քաղաքական որոշումներ կայացվեն, որոնք մաքսատանը հավասար իրավունքներ կսահմանեն բոլորի համար»,- հավելել է նա։
Եթե նախկինում առեւտրի սուբյեկտների համար շրջանառությունից հարկը կազմում էր 1%՝ գործարքների պարտադիր փաստաթղթավորմամբ, ապա հիմա դրույքաչափը 1% է՝ փաստաթղթավորված ապրանքների համար եւ 5%՝ «ստվերային»: Ամեն դեպքում, ընդհանուր շրջանառությունից հարկը չի կարող 1.5%-ից ցածր լինել: Բացի այդ, շրջանառության հարկի շեմը 58.35-ից բարձրացվել է մինչեւ 113.4 մլն դրամ։





























