ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) նորանշանակ ներկայացուցիչ Պասկալ Միշոյին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե, շնորհավորելով նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ,  նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում վերջին տարիներին ձեւավորված գործընկերային հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել ու զարգանալ, մասնավորապես, կազմակերպության կողմից իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի (2010-2016թթ.) շրջանակում:

Կայուն դպրոցական սնունդ ծրագրից, որի նպատակն աշակերտներին ամենօրյա սննդարար կերակրով ապահովել են եւ երեխաների առողջական վիճակի բարելավումը, ներկայումս օգտվում են ավելի քան 60 հազար աշակերտներ:

«Այս ծրագիրը չափազանց կարեւոր է մեր երկրի համար, հատկապես մարզային դպրոցների համար: Միաժամանակ մենք հետաքրքրված ենք, որպեսզի դպրոցական սնունդը պատրաստված լինի տեղական արտադրանքից, քանի որ այն առանձնանում է թե՛ համային, թե՛ որակական հատկանիշներով», - նշել է նախարարը:

Տիկին Միշոն հույս է հայտնել, որ այս հարցում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը եւ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն աջակցություն կցուցաբերեն ծրագրի իրականացման ընթացքում: Այս կապակցությամբ ՊՀԾ ներկայացուցիչն հանդիպմանն առաջարկել է դպրոցական սննդի միջգերատեսչական հանձնաժողովի մեջ ընդգրկել նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչի:

Պատրաստակամություն հայտնելով օժանդակել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հաջող եւ արդյունավետ իրականացմանը` Սերգո Կարապետյանն առաջարկել է հնարավորության դեպքում ընդլայնել ծրագրի շրջանակները եւ ընդգրկել հանրապետության բոլոր մարզերը` առաջնահերթությունը տալով սահմանամերձ շրջաններին: