Երեւանի կոնյակի գործարանն այս տարվա ապրիլից վերաթողարկել է հայկական կոնյակագործության մեծ վարպետ Մարգար Սեդրակյանի ստեղծած հանրահատ «Հայաստան» կոնյակը:

«Հայաստան» կոնյակի վերածննդին նվրված երեկոյի բանախոս, Երեւանի կոնյակի գործարանի «Արարատ» ապրանքանշանի դեսպան Քրիստինա Իշխանյանի խոսքով՝ սահմանափակ քանակով վերաարտադրվող «Հայաստանը» առայժմ կսպառվի միայն տեղական շուկայում:

1940թ. ստեղծված, 10 տարի հնեցմամբ «Հայաստան» կոնյակը ներկայացվում է Արարատ զանգվածային տեսականուն ոչ բնորոշ շշերով եւ արտաքին ձեւավորմամբ, ինչի նպատակը ժառանգությունն արդի կերպով ներկայացնելն է:

Կարմիր փայտին բնորոշ գույն եւ ոսկեգույն արտացոլանքներ ունեցող «Հայաստան» կոնյակը շոկոլադի, դարչինի բույր ունի՝ ցիտրուսի աստիճանաբար բացահայտվող երանգներով: