Ապրիլի 22-ին Ավստրիայի խորհրդարանի 68-րդ լիագումար նիստը մեկնարկեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելով։  Նիստին ներկա պատգամավորները 1 րոպե լռությամբ հոտնկայս հարգել են անմեղ զոհերի հիշատակը։

Դրանից հետո Ավստրիայի խորհրդարանի 6 խորհրդարանական ուժերը համատեղ հայտարարությամբ ընդունել եւ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Խորհրդարանի նախագահ Դորիս Բուրեսը 6 խմբակցությունների հայտարարությունը հայ եւ թուրք ժողովրդի հաշտության կոչ է համարել, որի հիմքում պետք է ընկած լինի պատմական մեղքի ճանաչումը։ Նշենք, որ նա կատարված մեծ ողբերգությունը որակեց ցեղասպանություն բառով։

Հիշեցնենք, որ Ավստրիայի խորհրդարանի բոլոր 6 խմբակցությունները Օսմանյան կայսրությունում 1915թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը դատապարտող  համատեղ բանաձեւ էին ներկայացրել, որում նշվում է, որ Ավստրիան պարտավոր է կատարվածը ցեղասպանություն որակել եւ դատապարտել, ինչպես նաեւ Թուրքիային կոչ է արվում իր մութ անցյալի ցավոտ էջերը փակել եւ Օսմանյան կայսրությունում հայոց ջարդերը ցեղասպանություն ճանաչել։