Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանում Ռուսաստանի նախագահի լիազորված ներկայացուցիչը հյուսիսկովասյան հանրապետություններին խորհուրդ է տվել վարվելակերպի կանոններ մշակել այլ տարածաշրջաններ մեկնող իրենց երիտասարդության համար: «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, լիազորված ներկայացուցչի տեղակալն ասել է, որ նման կանոններ արդեն մշակվում են Պյատիգորսկում:
Շվեցովն ասել է, որ Հյուսիսային Կովկասի երիտասարդությունը, մեկնելով այլ տարածաշրջաններ հանգստանալու, փորձում է ցուցադրել իր ավանդույթները՝ հաշվի չառնելով շրջապատի կարծիքը, իսկ այդտեղ այլ պատկերացումներ կան հանգստի եւ վարվելակերպի նորմերի վերաբերյալ, ինչն էլ առճակատման է հանգեցնում: Նա, մասնավորապես, շեշտել է փողոցներում ազգային պարերի կատարումը, ինչը հատկապես նյարդայնացնում է տեղացիներին:
«Դա գրեթե նույնն է, եթե մենք կարճ կիսաշրջազգեստով աղջիկների հետ անցնենք Գրոզնիի միջով: Մենք անմիջապես դիտողություններ կլսենք, որ այստեղ այդպես ընդունված չէ»,- նշել է Շվեցովը: Ըստ նրա, կանոնակարգը նպատակ ունի հարգանք ձեւավորել դրսից եկածների մոտ՝ տեղի սովորույթների եւ վարվելակերպի նորմերի նկատմամբ:
Փաստաթուղթը կներդրվի Հյուսիսային Կովկասի հանրապետությունների կրթական հաստատություններում:
Նմանատիպ կանոնագրեր արդեն մշակվում են Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում:




























