Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը ցուցադրվել է «Միր» միջպետական հեռուստա-ռադիոընկերության հաճախականությամբ Երեւանում եւ Հայաստանի մալուխային ցանցերում, իսկ ԱՊՀ տարածքում արարողությունը ցուցադրվել է «Միր 24» տեղեկատվական ալիքի ուղիղ եթերում։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Միր» ՀՌԸ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մերուժան Սարգսյանը՝ արձագանքելով հրապարակմանը, թե հեռուստաալիքը արարողությունը Հայաստանից դուրս չի ցուցադրել։
««Միր» միջպետական հեռուստաընկերությունն ունի «Միր» եւ «Միր24» ալիքներ։ Սրբադասման արարողությունը ցուցադրվել է «Միր24» հեռուստաալիքով եւ մեր տեղական սփռման տիրույթում։ Իսկ վաղը առավոտյան, ժամը 10-ից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մեկնարկելիք արարողությունն արդեն ցուցադրվելու է թե «Միր24»-ով, թե «Միր»-ով, այսինքն մեր հեռուստաընկերության բոլոր ալիքներով»,- նշեց Մերուժան Սարգսյանը ՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի լուսաբանման շրջանակներում արդեն 30-ից ավելի ռեպորտաժ է թողարկվել՝ եւ իրադարձային նյութեր, եւ պատմական հաղորդում։
Մերուժան Սարգսյանի խոսքով, «Միր24»-ն առանձին տեղեկատվական ալիք է՝ ստեղծված 2014 թվականին, եւ մոտ 45 մլն հեռուստադիտող ունի ԱՊՀ բոլոր 10 երկրներում։ Սրբադասման արարողությունը, ըստ Մերուժան Սարգսյանի, ցուցադրվել է ԱՊՀ 10 երկրների տարածքում։ ԱՊՀ տարածքում չի հեռարձակվելու միայն System of a Down խմբի համերգը, քանի որ հեղինակային իրավունքի խնդիր կա։ Համերգը ցուցադրվելու է միայն հեռուստաընկերության հայաստանյան ցանցով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սրբադասման արարողության ժամանակ հեռուստաընկերության կայքում առցանց ռեժիմով սերիալ է ցուցադրվել: Մոսկվայի մի քանի բնակիչներ էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էին, որ իրենց եթերում էլ գեղարվեստական ֆիլմ է ցուցադրվում:




























