Բանկերի կողմից վարկավորման, ավանդների կտրուկ նվազումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այդ թվում ԵՏՄ անդամակցությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«Քանի որ հայտնի չէ՝ ինչ հարաբերություններ են ձեւավորվում ԵՏՄ-ում, մեր շահերը ինչքանով կվտանգվեն, տնտեսվարող սուբյեկտները հակված չեն գումարներ վերցնել, նրանք գտնվում են ռիսկային իրավիճակում՝ ինչ կլինի ԵՏՄ-ում:
Դրանից բացի, տնտեսագետի կարծիքով. վարկավորման եւ ավանդների կտրուկ նվազման պատճառ է նաեւ Հայաստանում վարվող հարկային, մաքսային խիստ քաղաքականությունը, տնտեսական անբարենպաստ պայմանները: «Տնտեսվարող սուբյեկտները վստահ չեն, որ իրենց սեփականությունը կպաշտպանվի, ոչ բարենպաստ ներդրումային պայմաններ են, օտարերկրյա ներդրումները պակասել են, հայրենական ներդրողներն էլ հակված չեն ներդրումներ իրակացնելու, գործունեությունը ընդարձակելու»,-ասաց տնտեսագետը:
Ինչ վերաբերում է ապրիլի 24-ի հետ կապված դրամի արժեւորմանը, Վարդան Բոստանջյանը ասաց, որ դա մշուշոտ գնահատական է: Նա այս խնդիրը դիտարկում է հետեւյալ համատեքստում՝ երբ Հայաստանում արտադրության ծավալները կրճատվում են, տնտեսական աճը դադարում է, դրամը արժեզրկվում է, քանի որ դրամը ոչ այլ ինչ է, քան հայելին երկրում տեղի ունեցող արտադրական պրոցեսի: «Իսկ եթե դա խոցելի է, խոցելի է դառնում նաեւ այն արժույթը, որով իրականացնում են գործողություններ: Հայաստանը դոլարիզացված տիրույթ է, արտագաղթի եւ բազմաթիվ խառնիճաղանջ երեւույթների պարագայում դժվար է հստակ կանխատեսում անել՝ փոխարժեքը կարժեւորվի, թե ոչ»,-ասաց տնտեսագետը:





























