Ապրիլի 26-ին Նեպալում ստորգետնյա հերթական ցնցումներից հետո Էվերեստում նոր ձնահոսք է գրանցվել: Այս մասին հաղորդում է IBN-CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Էվերեստի բազայի ճամբարում գտնվող մի լեռնագնացի:
Նախօրեին հաղորդվում էր երկրի ամենաբարձր գագաթից ձնահոսքի մասին, որի հետեւանքով տասնյակ զոհեր եւ տուժածներ կան:
Ավելի վաղ Էվերեստում հնդկական բանակի արշավախմբի աղբյուրը IBN-CNN-ին պատմել էր, որ ձնահոսքի հետեւանքով շուրջ 65 լեռնագնաց է զոհվել, որոնց մեծ մասը՝ օտարերկրացիներ: Եվս մի քանի հազար մարդ սպասում է տարհանման: Տուժած առաջին 15 լեռնագնացներին Կատմանդու են տեղափոխել:
Նեպալում ապրիլի 25-ի առավոտյան 7.9 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել: Ապրիլի 26-ին երկրում հետցնցումների շարք է գրանցվել, որոնցից ամենահզորի ուժգնությունը կազմել է 6.7 բալ: Երկրաշարժի զոհերի թիվն արդեն գերազանցել է 2100-ը:



























