Սյունիքի մարզում ներկայում շարունակվում են ուրանի արդյունաբերական պաշարների հետազոտությունները։  Այս մասին «Արմատ» ակումբում հուլիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը՝ նշելով, որ ուրանի հետ կապված գեոդեզիական ուսումնասիրությունները սկսվել են դեռեւս նախորդ տարվանից։

«Եթե ստացված արդյունքները դրական լինեն, ապա կսկսվի ուրանի արդյունահանումը, որը զգալի տնտեսական օգուտ կբերի Հայաստանին»,-ասաց Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանի խոսքով՝ ուրանի պաշարների համար կատարվող հետազոտությունները կավարտվեն հաջորդ տարվա վերջին, որից հետո արդեն կորոշվի՝ թույլատրել կամ չթույլատրել ուրանի  արդյունահանումը։ Նա հավաստիացրեց, որ ուրանի արդյունահանումը կլինի անվտանգ եւ շրջակա միջավայրին ու տեղի բնակչությանը ոչինչ չի սպառնա։

Հայաստանի բնապահպանական կազմակերպությունները ահազանգում են, որ ուրանի հանքավայրի շահագործումը անդառնալի վնաս կհասցնի շրջակա միջավայրին։ Ուրանի արդյունահանման դեմ են նաեւ տարածքի հարեւանությամբ գտնվող բնակավայրերի բնակիչները (Քաջարան, Կապան, Լեռնաձոր)։

Նշենք, որ ուրանի հետազոտման աշխատանքներն իրականացնում է «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպությունը», որի բաժնետերերն են Հայաստանի կառավարությունը եւ «Ռոսատոմը»: