Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, չպետք է նպաստի, որպեսզի տարածաշրջանում միլիտարիզացիան ուժեղանա։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Ռուսաստանը պատրաստվում է Ադրբեջանին երկու դիվիզիոն զենիթահրթիռային (ЗРК) С-300 ՄՊՈՒ-2 «Ֆավորիտ» համալիր վաճառել։
Նրա խոսքով, եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա Հայաստանը պարզաբանումներ ստանալու համար պետք է հարցում անի իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանին։ «Չեմ կարծում, որ ռազմական տեխնիկայի վաճառքն Ադրբեջանին տեղավորվում է Ռուսաստանի միայն կոմերցիոն շահերի շրջանակներում»,- համոզմունք հայտնեց քաղաքագետը։
Ստեփան Գրիգորյանը նշեց, որ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի կողմից խնդրի՝ ՀԱՊԿ-ի Սանկտ-Պետերբուրգում աշնանը կայանալիք առաջիկա վեհաժողովի ժամանակ բարձրաձայնումը խիստ ուշացած կլինի։ «Բայց ինչո՞ւ աշնանը։ Ախր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պետական այցով Հայաստանում լինելու է արդեն օգոստոսին։ Հենց այդ ժամանակ էլ բանակցությունների ընթացքում պետք է ճշտել Ռուսաստանի դիրքորոշումը։ Չնայած որ խնդրի մասին դիվանագիտական խողովակներով կարելի է վաղն էլ բարձրաձայնել»,- ամփոփեց քաղաքագետը։




























