ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Ավստրիայի Հանրապետության գյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության եւ ջրային տնտեսության դաշնային նախարար Անդրե Ռուպրեխտերի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Վիեննա:

Գյուղնախարարությունից հայտնում են, որ պաշտոնական այցի շրջանակում նախարարը կհանդիպի Ավստրիայի Հանրապետության գյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության եւ ջրային տնտեսության դաշնային նախարար Անդրե Ռուպրեխտերի հետ:

Հանդիպման ավարտին նախատեսվում է ստորագրել փոխըմբռնման հուշագիր ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Ավստրիայի գյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության եւ ջրային տնտեսության դաշնային նախարարության միջեւ գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության բնագավառում համագործակցության մասին:

Հանդիպումներ են նախատեսված նաեւ Ավստրիայի Եվրոպայի, ինտեգրման եւ արտաքին գործերի դաշնային նախարարության պաշտոնյաների, ինչպես նաեւ Զարգացման գործակալության տնօրենի հետ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը կայցելի նաեւ Ավստրիայի անասնաբույծների ասոցիացիա, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսություններ, նախատեսված են հանդիպումներ անասնաբուծության եւ կաթնարտադրության բնագավառի ավստրիացի գործարարների հետ:

Այցի շրջանակներում նախարարը կհանդիպի նաեւ Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: