Ամերիկյան Հյուսիսային Քարոլինայի նահանգի Ռոլի քաղաքի ոստիկան Մեթյու Քորը դատի է տվել Starbucks սրճարանների ցանցին այն բանից հետո, երբ այրվել է սուրճից: Հայցում նա պահանջում է 50 հազար դոլարի փոխհատուցում, հաղորդում է Associated Press-ը:

Միջադեպը տեղի է ունեցել 2012 թվականին: Տուժածի խոսքով, բաժակի կափարիչը դուրս է թռել եւ տաք սուրճը լցվել է իր ծնկներին: Սակայն առաջացած խնդիրը չի ավարտվել այրվածքներով: Քորը նշել է, որ սուրճը թափվելն իր մոտ այնքան մեծ սթրես է առաջացրել, որ ակտիվացել է իր ունեցած հիվանդությունը եւ ինքը ստիպված է եղել վիրահատությամբ հեռացնել աղիքների մի մասը, հաղորդում է Lenta-ն:

Հայցում նաեւ նշվում է, որ տուժածի կինը՝ Մելանին, զրկվել է «էմոցիոնալ աջակցությունից, սոցիալական կյանքի ուղեկցից ու ինտիմ զուգընկերոջից»:

Իր հերթին Starbucks-ի փաստաբանները հայտնել են, որ ընկերությունը տարեկան վաճառում է մոտ 4 մլրդ բաժակ սուրճ, որոնք արտադրում է International Paper-ը եւ այս ընթացքում միայն 59 նման միջադեպ է եղել:

Միաժամանակ, սուրճը, որն այդքան անհաջող կերպով իր վրա է թափել ոստիկանը, նրան անվճար է տրամադրվել: Starbucks-ի ներկայացուցիչները վստահ են, որ նա չի կարող փոխհատուցման հույս փայփայել, քանի որ գնորդ չէ: Դատարանում այդ փաստը կարող է ազդել գործի արդյունքի վրա: